Մշակույթ

Մայր եկեղեցու «Եղիցի լոյս» մրցանակը՝ Ռոբեր Գեդիգյանին

«Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակն այսօր Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ հանձնել է աշխարհահռչակ ֆրանսիահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը։

«Ես շատ շոյված և երջանիկ եմ այս մրցանակի համար, հատկապես այն բանի համար, որ մրցանակի անունը` լույսը, ուղղակիորեն կապված է կինոարվեստի հետ: Ֆիլմն ինձ համար լույս է մթության մեջ, որը կարող է օգնել մարդկանց դուրս գալու խավարից, փոքրից գնալու դեպի մեծը…: Այս է պատճառը, որ ես մշտապես այն համոզումն եմ ունեցել, որ կինոն ուղղակիորեն կապված է կրոնի հետ, և հավատացած եմ, որ փառատոնը, որի ժյուրիի նախագահն եմ այսօր, հարուստ է բազմաթիվ լույսերով»,- մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասել է Գեդիգյանը:

Հանդիսության ընթացքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան է հանձնվել «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանին` առ ի գնահատություն վերջինիս երկար տարիների վաստակյալ գործունեության:

Ողջունելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած մասնակիցներին` Ամենայն Հայոց Հայրապետը նշել է. «Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ կինոփառատոնը կայացած ավանդույթ է դարձել հոգևոր-մշակութային մեր կյանքում: «Ոսկե ծիրան»-ն իր ուրույն տեղն ունի կինոաշխարհի բազմաթիվ փառատոնների մեջ. այն հրաշալի հնարավորություն է ընձեռում կինոարվեստի շնորհաշատ ստեղծագործողներին մասնագետների ու հանրության դատին ներկայացնելու իրենց աշխատանքի արդյունքները: Հիմնադրման օրվանից կինոփառատոնը ստանձնել է քաղաքակրթությունների ու մշակույթների երկխոսության մի բարձր առաքելություն` ծառայելով ընդհանուր բարիքի, մարդկանց ու ժողովուրդների միջև համերաշխության ու խաղաղության ամրապնդմանը. արժեքներ, որոնց ջատագովը մշտապես եղել է քրիստոնեական ավանդույթներով հարուստ մեր Հայաստան աշխարհը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը նշանակալի իրադարձություն է հայաստանյան մեր իրականության մեջ, որ նոր շունչ ու ազդակ է հաղորդում հայ կինոարվեստին` հարթակ դառնալով նոր ստեղծագործությունների արարման, փորձի փոխանակման, նոր կապերի ու հարաբերությունների հաստատման: Կինոփառատոնի արձանագրած ձեռքբերումներն արդյունք են փառատոնի կազմակերպիչների ու գործակիցների նվիրյալ ու հետևողական ջանքերի, Հայրենի պետության աջակցության և մասնակիցների խանդավառ ներգրավվածության:

Ուրախ ենք, որ մեր Եկեղեցին ևս իր ներդրումն է բերում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աշխատանքներին»:

Նորին Սրբությունը նաև անդրադարձել է  ֆրանսահայ կինոռեժիսոր և դերասան Ռոբեր Կետիկյանին «Եղիցի լույս» մրցանակը հանձնելու փաստին` իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելով մեծանուն ռեժիսորին:

«Տիար Կետիկյանը, լինելով Հայոց Ցեղասպանությունը վերապրած սերնդի շառավիղների ներկայացուցիչներից, 2015 թվականին, երբ ազգովի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, աշխարհին է ներկայացնում «Խենթ պատմություն» վերտառությամբ հեղինակային ֆիլմը, որը պատմում է Հայոց Ցեղասպանության, դրա հետևանքների և Թուրքիայի կողմից մինչ օրս տարվող ժխտողական քաղաքականության մասին: Ինչպես հեղինակն ինքն էլ նշում է, սա ոչ միայն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, այլև Թուրքիո պետության ժխտողականության 100-ամյակը:

Ռոբեր Կետիկյանի անցած ստեղծագործական ուղին լավագույն վկայությունն է, որ հայ ժողովրդի ստեղծագործ ոգին անհնար է ոչնչացնել. ոչ մի արհավիրք և թշնամություն չի կարող սպանել մեր ժողովրդի հոգում կյանքի հանդեպ սերը, արդարության և ազատության համար պայքարի կամքը: Նա իր օրինակով հավաստում է, որ հայ ժողովուրդը Հարությանը հավատացող ազգ է` այդ տեսիլքով ապրող և արարող», — ասաց Նորին Սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը բերեց կինոփառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանին` փառատոնի ստեղծման և արձանագրած հաջողությունների գործում ունեցած վերջինիս մեծ վաստակի համար:

Վերջում Հայոց Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել փառատոնի բոլոր մասնակիցներին ու մրցանակակիրներին` ի խորոց սրտի աղոթքով նորանոր հաջողություններ մաղթելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:

Ցուցադրել ավելի
Back to top button