Տնտեսական

Հայաստանին սպառնում է Հունաստանի ճակատագիրը, եթե…տնտեսագետ

lianaeghiazaryan
Հայաստանի արտաքին պարտքի չափն այնքան մտահոգիչ չէ, որքան պարտքով վերցված գումարների ծախսման արդյունավետությունն ու վարկերի կառուցվածքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր այս դիտարկումն է ներկայացրել տնտեսագետ Աշոտ Թավադյանը: Մասնագետը թվարկել է նաեւ մի շարք տարօրինակ երեւույթներ, որոնք առկա են մեզ մոտ, օրինակ այն, որ Կենտրոնական բանկն ինքը ծախսում է, ինքն էլ ընտրում իր ծախսերը վերահսկող աուդիտորին: Տնտեսագետը նաեւ հայտարարել է` տնտեսության զարգացման սցենարը չճշգրտելու դեպքում մեր երկրի տնտեսությունը կհետեւի Հունաստանի տնտեսության օրինակին:

 

Օրերս «Գարդիան» հեղինակավոր թերթը, հղում անելով նոր ուսումնասիրություններին, Հայաստանը ներառել է այն երկրների խմբին, որոնք բախվում են արտաքին պետական պարտքի ճգնաժամի հետ: Այս հարցի առնչությամբ սեփական գնահատումներն ու նշվածից տարբերվող կարծիք ունի տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Մասնագետը նախ հակիրճ համեմատություն է անցկացնում սեփական ՀՆԱ-ից ավելի պարտքի բեռ ունեցող Հունաստանի հետ: Հունաստանը դեռ բավականին հարուստ երկիր է, իսկ մեզ մոտ խնդիրներն այլ բնույթ ունեն: ՀՀ պետական պարտքը հասնում է 4,6 միլիարդ դոլարի, որից մոտ 600 միլիոն դոլարը ներքին պարտքն է, 3,5 միլիարդը՝ կառավարության, 450 միլիոն դոլարը` ԿԲ պարտքն է: Մեր կառավարությունը կարող է ավելի շատ պետական պարտք վերցնել` իր մասով:

Օրենքում նշված է` պետական պարտքը չի կարող գերազանցել բյուջետային դեֆիցիտի 3 տոկոսը եւ ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը, սա մոտ 5.5 մլրդ դրամ է կազմում: Օրենքի այս նոր` վերանայված կետի հետ տնտեսագետը համաձայն չէ, նման դեպքում մեր երկրի տնտեսությունը կհետեւի Հունաստանի տնտեսության օրինակին, ասում է ու իր դիտարկումը ներկայացնում: «Լուծումը հետեւյալն է` փուլային տարբերակով վերին շեմը պետք է լինի ոչ թե 60, այլ 50 տոկոսը, ես լուրջ հիմքեր ունեմ դա ասելու»:

Տնտեսագետի տարակուսանքն է հարուցում նաեև Կենտրոնական բանկի պարտքի վերահսկողության հարցը: Որքան էլ տարօրինակ է` գլխավոր դրամատունն ինքն է ընտրում իր իսկ պարտքը վերահսկող արտաքին աուդիտորին: Բայց ճիշտ կլինի, որ պետական պարտքը վերահսկող արտաքին աուդիտորին ընտրի կամ կառավարությունը, կամ ԱԺ-ն: Խնդիրներ կան նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ կապված: Կենտրոնական բանկը բավականին ազատ է իր ծախսերի մեջ, սա նշանակում է, որ այն իր ծախսերը հոգալու համար շահագրգռված կլինի բանկերին վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքի մեջ: Շահույթ հետապնդելու գիծը կարող է չարտահայտվել միայն այն դեպքում, երբ նպատակ է դրվում գների կայունություն ապահովել: Այս խնդիրների կողքին որպես ամենակարեւոր հարց պրոֆեսոր Աշոտ Թավադյանը մատնանշում է վարկերի ծախսման արդյունավետությունը: Կառավարության պարտքը կառավարելի է, ասում է, բայց նաեւ`վարկերի նպատակի ու արդյունքի հրապարակայնացումը` պարտադիր:

Մեր տնտեսության զարգացման սցենարը տնտեսագետը մեծապես պայմանավորում է հենց այս վարկերով: Մենք 20 տարի զարգանում ենք վարկերով, դրամաշնորհներով, տրանսֆերտներով:  Զգալի գումարներ էլ ստանում ենք հումք ու աշխատանքային ռեսուրս արտահանելով: Արդյունքում ինչ ենք զարգացնում` ընդամենը ներքին շուկա, մանրածախ առեւտուր, շինարարություն, անշարժ գույք եւ ծառայություններ: Բայց այս ուղղություններով զարգանալու դեպքում տնտեսությունը դառնում է արտաքին հարվածներից խիստ խոցելի: Զարգացման սցենարը պետք է ճշգրտվի. Միանշանակ վստահ է տնտեսագետը:

«Պետք է պատրաստի արտադրանքի արտահանման խնդիր դնենք ու մեր գործերն ավելի լավ կգնան: Ինչ վերաբերում է վարկերին, եթե վերցնում ենք նոր վարկ, նպատակը պետք է տեսնեք, թե ՀՆԱ-ի աճի տեմպի վրա ինչպե՞ս է անդրադառնալու, արդյունքները հստակ ձևակերպված լինեն, հստակ տեսնենք տվյալ վարկի կառուցվածքը: Պետք է միշտ տեսնել նպատակ, արդյունք և ապահովել հրապարակայնությունը»:

Վերադառնանք տնտեսական աճի ցուցանիշերին: Արդյոք կանխատեսված 1 տոկոս աճը Հայատանը կկարողանա ապահովել: Եվրոպական զարգացման բանկը 1,5 տոկոս անկում է Հայաստանի համար կանխատեսել, Համաշխարհային բանկը՝ զրոյական աճ, Եվրասիական բանկը աճ է կանխատեսում 1%-ով, Ասիական բանկն ամենաբարեհաճն է՝ 1,6% աճ, կառավարությունն արդեն 1-2% է կանխատեսում, ԿԲ-ն էլ 2%-ի սահմաններում, իսկ որոշ մասնագետներ շատ ավելի մեծ անկում են կանխատեսում: Աշոտ Թավադյանի կարծիքով` ընդհանուր տնտեսական կայունության դեպքում մինչև 2% աճ կարող է ունենալ, իսկ եթե ոչ` անկում` 0.5 տոկոսից ոչ ավելի:

Ցուցադրել ավելի
Back to top button