Հասարակություն

Հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնական պատճառը մտածելակերպն է

aidaavetisyan
Հուլիսի երկուսին կառավարությունը հավանության է արժանացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որն արդեն ուղարկվել է ԱԺ: Նախագծի համաձայն՝ մինչև 12 շաբաթական հղիության ժամկետում կինը միայն գրավոր դիմումի համաձայն կընդհատի հղիությունը, իսկ դրանից հետո օրենսդրորեն  արգելվելու են 
սեռով պայմանավորված  հղիության արհեստական  ընդհատումները: 

 


Հայաստանում անկախությունից ի վեր գրեթե երկու անգամ նվազել է ծնելիությունը։ Արտագաղթը բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա:  2011 թվականին կատարված առաջին հետազոտությունները ցույց են տվել, որ սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների հիմնական պատճառը մտածելակերպն է: Հայկական շատ ու շատ ընտանիքներում հաճախ ենք լսում «Օջախի լույսն ո՞վ վառ պետք է պահի,  եթե չունենանք տղա» արտահայտությունը և  արդյունքում բազմաթիվ աղջիկ երեխաների զրկում են ապրելու իրավունքից: Հետազոտությունները ցույց են տվել, որ  սեռերի անհամամասնության ցուցանիշներով Հայաստանն աշխարհում Չինաստանից և Ադրբեջանից հետո  զբաղեցնում է երրորդ տեղը: Հայաստանում 113 տղա է ծնվում 100 աղջկա հաշվով, տեղեկացնում է  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի   գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Սեռերի անհամամասնությունն էլ կարող է հանգեցնել միգրացիայի, թրաֆիկինգի և կանանց դեմ իրականացվող բռնությունների  ավելացմանը, հավելեց  Գարիկ Հայրապետյանը: Պատկերը մեղմելու  համար կառավարությունը  հավանություն է տվել «Մարդու  վերարտադրողական  առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որն արդեն ուղարկվել է ԱԺ:

Ըստ նոր փոփոխությունների՝ կինը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետում, եթե արհեստական ընդհատման է փորձում գնալ, ապա պարտավոր է լինելու  դիմում գրել՝ պատճառների վերաբերյալ և նրան կտրվի երեք օր ժամանակ վերջնական որոշում կայացնելու համար։ Այդ ընթացքում բժիշկը կնոջը պետք է տրամադրի սոցիալական և հոգեբանական խորհրդտավություն և գերձայնային հետազոտությամբ ցույց  տա պտղին:

12 շաբաթականից  հետո  օրենքն  արգելում է  արհեստական ընդհատումը՝ բացառությամբ սոցիալական և բժշկական ցուցումների: Հղիության արհեստական ընդհատումից հետո  բժիշկը  պարտավոր է  տեղեկացնել կնոջը հակաբեղմնավորիչ  ժամանակակից մեթոդների մասին: Բժշկական փաստաթղթերում էլ  պետք է գրառում կատարվի նախա և հետաբորտային խորհրդատվության  մասին: ԱՆ մայրական և վերատադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը մատնանշեց նաև նախագծում ամրագրված սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումների արգելքները:

Ոլորտը վերահսկողը հուսով է, որ վերոնշյալ մեխանիզմների կիրառման դեպքում փոքր կլինեն խախտումները: Իսկ իրավախախտ բժիշկների նկատմամբ կկիրառվեն ֆինանսական տույժեր:

Ցուցադրել ավելի
Back to top button