Մշակույթ

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց «Եվրառադիո» ազգային երաժշտության փառատոնին

Անի Մոսինյան
«Ռադիոլուրի համար»
Կրակով- Երեւան

KrakowՀուլիսի 8-11-ը  Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ «Եվրառադիո» ազգային երգի ու երաժշտության 36-րդ փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներն էին Եվրոպական հեռարձակողների միությունը և Լեհաստանի հանրային ռադիոն: Փառատոնն անցկացվում էր կրակովյան մեկ այլ հայտնի «Խաչմերուկներ» փառատոնի հետ համատեղ  «Էթնոկրակով 2015» խորագրի ներքո։

Չորս մայրցամաքները ներկայացնող 200 երաժիշտներ  եկել էին Կրակով՝ իրենց հետ բերելով իրենց երկրի գույները: Բացման հանդիսավոր արարողությանը Կրակովի ամենամեծ «Ice Cracow» համերգասրահում  հանդես եկան աշխարհահռչակ հնդիկ երաժիշտներ, տաբլայի մեծ վարպետ Զաքիր Հուսեյնն ու Ռաքեշ Չորասիան, ինչպես նաև կրակովյան հայտնի Կրոկ խումբը, որը երեք տարի առաջ Լեհաստանը ներկայացրել էր հենց նույն փառատոնում:

Փառատոնի շրջանակներում համաշխարհային ճանաչում ունեցող խմբերից ելույթ ունեցան Կեպա Յունկերան՝ Իսպանիայից, «Բուդա» ֆոլկ խումբը՝ Հունգարիայից, «Սինավի» անսամբլը՝ Կորեայից, Արկադի Շիլկոպերը՝ Ռուսաստանից,   Մարիա Կալանիեմին՝ Ֆինլանդիայից և ուրիշներ:

Բացման համերգի առաջին մասը դիտել այստեղ,

երկրորդ մասը՝ այստեղ 

Հայաստանի Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի ելույթը կարող եք դիտել այստեղ.

Լեհաստանի հանրային ռադիոյի հրավերով՝ «Եվրառադիո» ազգային երգի ու երաժշտության փառատոնին առաջին անգամ այս տարի մասնակցեց նաև Հայաստանը՝ ներկայացնելով Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը: Համերգը տեղի ունեցավ հուլիսի 9-ին Սուրբ Կատարինե եկեղեցում: Ներկաները, որոնց մեջ կային ինչպես հայեր ու լեհեր, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր, 45 րոպե վայելեցին հայաստանյան   արևն ու ջերմությունը։

«Ամեն տարի մասնակցելով այս փառատոնին՝ ես զարմանում էի, թե ինչու այդքան հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող Հայաստանը չի մասնակցում: Շատ ուրախ եմ, որ այս տարի Հայաստանը վերջապես մասնակցում է՝ ներկայացնելով այս հիանալի անսամբլը, որը ելույթ է ունենում հենց այս սրահում: Պետք է ասեմ, որ սրահի ընտրությունը շատ խորհրդանշական է։ Դա ևս մեկ անգամ ընդգծում է հայ ազգի մշակույթի ու հոգևոր արժեքների խորությունը»,- նշեց  «Радио России» -ի երաժշտական հաղորդումների խմբագիր, մեկնաբան Լյուդմիլա Օսիպովան:

Ներկաները նշեցին, որ մեծ ոգևորությամբ  ու էներգիայով են վերադառնում տուն: Կարևոր էր այն փաստը, որ  դահլիճում գտնվող  բազմաթիվ հայ երեխաներ հնարավորություն ստացան լսել հայ երգը ՝ ապրելով հայրենիքից հեռու:

Ի դեպ՝ փառատոնի բոլոր համերգները մեկ տարվա ընթացքում կներկայացվեն Հանրային ռադիոյի եթերում։

Ցուցադրել ավելի
Back to top button