Քաղաքական

Իրանն` առանց պատժամիջոցների. ՀՀ-ն նոր շանսեր է ստանում

lianaeghiazaryan
Հայաստանի համար` լուրջ հնարավորություններ ընձեռող, Թուրքիայի դիրքերը թուլացնող, Մոսկվային մեր տարածաշրջանում գործողության նոր առանցք տրամադրող: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն այսպես է գնահատում Իրանի վրայից միջազգային պատժամիջոցները հանող ու Արեւմուտքի հետ երկարատեւ ու բարդ բանակցությունների խաղաղ ելքը փաստող հսկայածավալ` 160 էջանոց փաստաթուղթը: Սա իսկապես պատմական պահ է, կարծիք է հայտնել Ոսկանյանն ու շեշտել դրա հնարավոր ազդեցությունը նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Բացառությամբ մի երկու երկրի` աշխարհը դրական կերպով է արձագանքում գործընթացին:

 

Իրանի հանդեպ պատժամիջոցների կասեցումը փաստացիորեն լուրջ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար` հարեւան երկրի հետ հին` սառեցված կամ չիրականացված ծրագրերն ավարտին հասցնելու: Զուտ աշխարհագրորեն Հայաստանն Իրանին աշխարհին կապող ամենակարճ ուղին է, ու պատահական չէ, որ հենց հիմա է առավել իրատեսական համարվում, օրինակ, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը: Դիտարկումը ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանինն է:

Իհարկե, հենց վաղվանից չենք կարող սպասել փոփոխությունների, քանի որ երկարատեւ պատժամիջոցների հետեւանքով անկում ապրած իրանական տնտեսության վերակառուցման համար դեռ ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում, շեշտում է Ոսկանյանը: Արդեն ծրագված է` օգոստոսին Պուտինը կլինի Իրանում: Ռուսական կողմը երկակի ընկալումներով է հանդես գալիս այս հարցի առնչությամբ: Պաշտոնական կողմը շատ բարձր է գնահատում, ՌԴ-ի դերն արժեւորվում է բանակցությունների ելքը գտնելու առումով էլ: Բայց ռուսական կողմը վերապահումներ էլ ունի: Իրանի վրայից պատժամիջոցները հանելը, ենթադրվում է, որ կավելացնի նավթի արտահանման ծավալները, բայց միաժամանակ կբերի նավթի գների նվազման, դրա հետեւանքով` ռուսական ռուբլու փոխարժեքի անկման, ինչն արդեն Ռուսաստանին ձեռնտու չէ:

Նոր կարգավիճակում հայտնված Իրանն ինչպիսի դիրքորոշում կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Զուտ հռետորաբանական մակարդակում իրանական իշխանությունները կշարունակեն խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, բայց փաստացի այսօրվա իրավիճակը ձեռնտու է Իրանին, ասում է Ոսկանյանն ու բացատրում:

Եթե դիտարկենք Իրանի դերի հզորացումը Թուրքիայի դիրքերի վրա ազդեցության տեսանկյունից` ապա սա հավանաբար կբերի Իրանի միջոցով Մերձավոր Արեւելքում առկա բազմաթիվ քաղաքական եւ նույնիսկ ռազմական հակամարտությունների կարգավորման, բայց միաժամանակ կթուլացնի Թուրքիայի դերը հենց նույն Արեւմուտքի աչքում, քանի որ առկա գործընթացներն էլ ցույց տվեցին` անգամ պատժամիջոցների տակ գտնվող Իրանն ավելի ունակ է վերահսկել իրավիճակը տարբեր ոլորտներում, նույնիսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում, քան Թուրքիան, որը հարեւանների հետ բոլոր հարաբերությունները փչացնելուց զատ նաեւ ներքաղաքական խնդիրներ է շալակել` ներկայում գտնվելով գրեթե ճգնաժամային վիճակում` կառավարություն ձեւավորել չկարողանալով: Թուրքիան հենց այս պատճառով չէր ցանկանում տեսնել Իրանին առանց պատժամիջոցների, քանի որ սեփական տնտեսական դիրքերն էլ են թուլանում:

Իրանն ու միջազգային միջնորդների «Վեցյակը» հուլիսի 14-ին եկան պատմական համաձայնության, որը վերաբերում է Իրանի միջուկային ծրագրերի երկարատեւ խնդրի կարգավորմանը: Բարդագույն բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ` շուրջ 160 էջանոց ծրագրի ընդունմամբ, որի իրականացման արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ամբողջովին կհանեն Իրանի նկատմամբ ավելի վաղ ներդրված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները: «Հաղթահարվեց փոխվստահության պակասի խնդիրը»,-ասում է Վարդան Ոսկանյանը: Այս խնդիրը մեկ հիմնական հարց ուներ հիմքում` արդյոք Իրանը խաղաղ նպատակով է հարստացնում ուրանը, թե ատոմային պատերազմի նոր ռիսկեր է ստեղծում: Արեւմուտքը հասկացավ Իրանում վարչակարգ փոխելու իր ծրագրերի անարդյունավետությունը, իսկ Իրանը հաղթող դուրս եկավ ընդամենը փոքր փոխզիջումների գնալով:

Բացի Իսրայելից եւ Սաուդյան Արաբիայից` այս համաձայնագրին աշխարհը դրական է արձագանքում: Իրանագետ Վարդան Ոսկանյանը եւս մեկ կարեւոր շեշտադրում է տալիս հարցին: Մեր տարածաշրջանում իրենց ազդեցությունը մեծացնել փորձող արեւմտյան երկրներն ու Միացյալ Նահանգները Թուրքիա- Վրաստան-Ադրբեջան զանազան կոմունիկացիոն նախագծերից են օգտվում: Հիմա Մոսկվան կարող է  նման գործիք կիրառել Մոսկվա-Երեւան-Թեհրան առանցքով ու մասնակցել բոլոր այն ծրագրերին, որտեղ Հայաստանը ներգրավված է լինելու Իրանի հետ:

Back to top button