Հասարակություն

Անվստահություն ՏԻՄ-երի նկատմամբ՝ ոչ միայն Հայաստանում

hasmikdilanyan
Ախթալայում բնկավող կանայք ու Ուրցաձորի երեխաները կարող են Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար ուղենիշ դառնալ: Կարծիքը՝ Պորտուգալիայի  սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ջիովանի Ալեգրետիին է: Նա և մի քանի այլ միջազգային փորձագետներ այս օրերին մասնակցում են  «Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում» թեմայով մարզային համաժողովներին,որոնց   նպատակն է  բարձրացնելով քաղաքացիների իրազեկվածության աստիճանը, նրանց  հնարավորինս ներգրավել տեղական ինքնակառավարման մարմինների  կայացրած որոշումներում: Համաժողովներից հետո մշակվելու է «Քաղաքացիների մասնակցության ուղեցույց»: Մարզային համաժողովներն անցկացվում են  Եվրոպայի Խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի աջակցությամբ, ֆինանսավորվում են Դանիայի կառավարության կողմից՝ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում: Եղեգնաձորում կազմակերպված համաժողովին մասնակցել են հարավային մարզերի 100 համայնքների ղեկավարներ, հուլիսի 16-ին Աղվերանում նույն համաժողովին կմասնակցեն հյուսիսային մարզերի 100 համայնքների ղեկավարները:

 

Հիմնական «թիրախը» փոքր համայնքներն են, նպատակն էլ նրանց բնակիչներին համայնքային խնդիրներին վերաբերող որոշումներին ու հարցերին մոտեցնելն է: Հենց այս հարցն է, որն ամենաշատն է մտահոգում տարածքային  ու տեղական ինքնակառավարման  մարմինների պատասխանատուներին: Մեր երկրում անգամ օրենսդրական փոփոխություններն այս հարցում դեռ դրական տարրեր չեն պարունակում:

2013թ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, որտեղ որպես պարտադիր հետևյալ  նորմերը  սահմանվեցին , և ավագանին ու համայնքի ղեկավարը պարտավոր են լսել բնակիչներին: Կախված բնակչության թվից՝ մինչև հազար բնակիչ ունեցող համայնքների  չորս տոկոսը, մինչև տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում՝ երկու տոկոսը, և տասը հազարից  ավելի բնակիչ ունեցող համայնքների մեկ տոկոսը կարող են խումբ ձևավորել և ավագանու նիստի օրակարգ ներառել իրենց հուզող  հարցը: Ի դեպ, նիստի օրակարգ ներառելը օրենքի տարր է, ժամկետն էլ ՝ մեկ ամիս: Տարածքային կառավարման ու արտակագր իրավիճակների նախարարության  Տեղական ինքնակառավարման վարչության պետ  Աշոտ Գիլոյանին խնդրեցինք թեկուզ մեկ համայնք մատնանշել, որտեղ բնակիչները խումբ են կազմել, հարց են բարձրացրել ու ավագանու նիստի օրակարգ մտցրել:

Ահա թե ինչ պարզվեց. «2014թ մոնիտորինգ եմ արել, որևէ համայնքում  բնակիչների խումբ խնդիր չի ներկայացրել  ավագանու նիստի քննարկմանը: 2015թ տվյալները չկան: Պատճառը նախ օրենքից բնակիչները տեղյակ չեն, նրանք չգիտեն, որ կարող են խումբ կազմել ու հարց բարձրացնել ավագանու նիստին ներառելու համար»:

Թե տեղական պաշտոնյան, և թե  միջազգային փորձագետ, Պորտուգալիայում  սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատո Ջիովանի Ալեգրետտին համակարծիք են՝ մեր երկրում բնակիչները թերահավատորեն են մոտենում  տեղական իշխանությանը: Ի դեպ, սա միայն հայաստանցիներիս բնորոշ չէ: Նույնն է նաև Իտալիայում, Պորտուգալիայում: Պատճառը միջազգային փորձագետը  հետևյալ կերպ է մեկնաբանում՝  կոռուպցիոն բնույթի սկանդալները շատ են, բացի այդ,  պատերազմից հետո, երբ սկսվեցին բարեփոխումների տարբեր գործընթացներ, տեղական ժողովրդակավարական գործընթացը կարծես մի կողմ դրվեց: Ալեգրետտին կարծում է, որ Հայաստանում մասնակցությունն ապահովելու  տարբեր եղանակներ կան: Ի դեպ, միջազգային փորձագետի դիտարկմամբ, հայերը իրենց հնարամտությամբ կարող են նաև օրինակ դառնալ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար:

«Օրինակ՝ երբ մենք Ախթալայում էինք, հանդիպումներ ունեցանք կանանց հետ, որոնք այս ուղղությամբ էին աշխատում, իրենք գնում և տեղերում աշխատում էին մարդկանց հետ, որովհետև մասնակցային ժողովրդավարությունը միայն մարդկանց հրավիրելը չէ, այլ  ինքդ գնալը: Ուրցաձորում քննարկվում էր տեղական մարզադաշտ կառուցելու խնդիրը, սակայն, այդ խնդիրը  բովանդակային առումով մի օրինակ էր, թե ինչպես որոշումներ կայացնեն, թե տվյալ պահին ինչ է պետք համայնքին: Իրենց թիրախը երեխաներն են, նրանց զբաղվածությունը սպորտային միջոցառումներին մասնակցելը, երեխաներին համայնքներում պահելը, որպեսզի իրենք այդ միջոցառումների համար չգնան այլ տեղեր, չլքեն իրենց հայրենի մարզը»:

Ռաֆիկ Անդրեասյանը միջազգային փորձագետի մատնանշած Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարն է  1999թ: Համայքնի ղեկավարը վստահ է՝ հաջող աշխատելու գրավականը գյուղացիների  հետ անմիջական շփում ունենալն է: Անդրեասյանը նաև  դժգոհությունների ու առաջարկների հատուկ գրատախտակ ունի: Այստեղ են ամփոփվում գյուղացիների մտահոգությունները. «Գրատախտակի վրա հավաքված կարևոր խնդիրները՝ ոռոգման  ցանցի  բարելավումն է, կիսախողոկաների անցկացումը, խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցումը, որը վթարային վիճակում է, և  խմելու ջրի ջրատարների վերակառուցումը: Մշակույթի տունը վերանորոգել ենք, ունենք մանկապարտեզի շենքի վերակառուցման խնդիր: Քայլ առ քայլ  փորձում ենք լուծումները գտնել»:

Միջազգային ու ոչ միայն փորձագետները վստահ են, որ եթե բնակիչներն ավելի ակտիվ ներգրավեն  համայնքների կառավարման գործընթացում, ապա  դա նաև հենց իրենց՝ համայնքների ղեավարների օգտին կլինի: Իսկ բնկաչության մասնակցությամբ իրականացվելիք գործընթացները պետք է ճկուն լինեն՝ առանց բյուրոկրատական քաշքշուկների:

Ցուցադրել ավելի
Back to top button