Մշակույթ

Չունենք հայկական պահպանված հուշարձանների վերլուծական ցուցակ, ասում է հայագետը

aidaavetisyan

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման  70-ամյակին նվիրված Երևանում անցկացվում է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆրանս, որի արդյունքներից,  կարելի է ասել, մեծ սպասելիքներ չունի հայագետ  Արգամ Այվազյանը:  Նրա դիտարկմամբ՝ նման համաժողովներ բազմիցս են անցկացվել, սակայն իրավիճակը չի փոխվում: Հայ ժողովրդին պատկանող մշակութային  արժենքների նկատմամբ  շարունակվում են  վանդալիզմի դրսևորումներ: Հայագետը  դժգոհել է նաև  հուշարձանների  հանրահռչակման նպատակով տեղադրված վահանակներից ու  հուշարձանների վերանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերությունների աշխատանքից:

Հայաստանի տարածքում պետականորեն հաշվառված է մոտ 24 հազար  հուշարձան, իսկ Արևմտյան Հայաստանի տարածքում մոտավոր հաշվարկներով դրանց թիվը հասնում է 170-180 հազարի, որոնց գերակշիռ մասը տարիների ընթացքում ավերվել է՝ անհայտ մնալով  թե՛ հայագիտության, թե՛ համաշխարհային  գիտական գրականության ու մշակույթի համար:

Այն, որ մեր  մշակութային արժեքներին հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում բազմիցս են ահազանգել հուշարձանագետներն ու հայագետները: Նախիջևանագետ, հայագետ  Արգամ Այվազյանը էլ փաստում է, որ մինչ օրս չկա  պատմական Հայաստանի տարածքում և այլ երկրներում հայ ժողովրդին պատկանող  հուշարձանների, դրանցից պահպանվածների  վերաբերյալ  հետազոտական ցանկագրություն:

Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում  պետական քաղաքականության արդյունքում ավերվել  են  այդ տարածքում գտնվող հայկական հուշարձանները, որոնց թիվը հասնում էր  մոտ  27 հազարի: Խոսքը՝ Ջուղայի խաչքարերի կործանման մասին է: «Ինչ մնացել է այսօր երկրի երեսին Արևմտյան Հայաստանի տարածքում, դարձյալ վտանգված են: Եվս 30 տարի և վթարային հուշարձանները ևս կփլուզվեն և կավիրվեն: Սա, իրոք, ցավալի խնդիր է»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գործունեությունը  հայկական մշակութային  արժեքների  պահպանության հարցում հասնում է նվազագույնի, բարձրաձայնեց  հայագետը: Մեր  հարևան  Վրաստանում հայկական եկեղեցիները վրացականացվում են, ի տարբերություն Իրանի, որտեղ 1961 թվականներից սկսած ընթանում են հայկական հուշարձանների պահպանման աշխատանքներ:

Հայագետ Արգամ Այվազյանը նկատում է,  որ վերջին մի քանի տարիների ընթացքում  մշակույթի որոշ ճյուղերի զարգացմանը զարկ տալու համար  կատարվում են  աշխատանքներ՝ կազմակերպվում են փառատոներ ու ցուցահանդեսներ: Իսկ  հուշարձանների հանրահռչակման ուղղությամբ կատարվող քայլերը բավարար չեն:

Նախիջևանագետը  դժգոհ է մշակույթի նախարարության և մի քանի դեսպանատների   աջակցությամբ  Հայաստանի տարածքում հուշարձանների  ճանաչման համար 5 լեզուներով տեղադրված  վահանակներից, որտեղ, նրա դիտարկմամբ, զետեղված է  հակահայկական տեղեկատվություն:

Գուցեև անգիտակցաբար, սակայն մշակութային հակահայկական քաղաքականություն  է վարվում: Բազում կոչերից հետո այսօր արդեն  այդ վահանակները  հեռացվում են, ասում է հայագետը:  Վերանորոգման աշխատանքներ իրականացնող  կազմակերպությունների գործունեությունն էլ այլ խնդիրներ են առաջացնում: Եթե նախկինում գործում էին գիտաարտադրական արվեստանոցներ, որոնք էլ նորոգում էին հուշարձանները, ապա այժմ լիցենզավորված կազմակերպություններն են իրականացնում նմանօրինակ  աշխատանքներ:

Արգամ  Այվազյանը կարծում է, որ պետք է դադարեցնել հուշարձաններն ամբողջովին    վերականգնելու  քաղաքականությունը, քանի որ դրանց վերանորոգման համար նախատեսված  ֆոնդը գտնվում է  խիստ վտանգավոր իրավիճակում: Նրա կարծիքով՝ պետք է նոր քաղաքականություն իրականացնել՝ կոնսերվացնել վթարված հուշարձանները:

Իրավիճակից դուրս գալու ճանապարհը հայագետը տեսնում է ցույցեր կազմակերպելու մեջ և հայտարարում, որ  մշակույթի նախարարության  ենթակայությունից պետք է հանվի  հուշարձանների պահպանությունը ու դրա համար ստեղծվի նոր  առանձին կառույց:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button