Հասարակություն

Հանրապետությունում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը

lianaeghiazaryan
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում մոտենում է 40 աստիճանի: Օդերեւութաբանական ծառայությունը 40 եւ ավելի ջերմաստճան չի կանխատեսում, բայց Փրկարար ծառայությունը հանդես է գալիս զգուշացմամբ` հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից խոտածածկ տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Ընդ որում` առավել հրդեհավտանգ են կոնկրետ շրջաններ: Զգուշացումը անհիմն չէ, վերջին օրերի հրդեհների վիճակագրությունն արդեն խիստ մտահոգիչ է:

 

 

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը զգուշացնում է` մեր երկրում հրդեհավտանգ վիճակ է ստեղծվել Հայաստան ներթափանցած ջերմային ալիքի պատճառով: Ընդ որում` Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: Այս օրերին հրդեհավտանգության առումով առավել ակտիվ են համարվում Երեւանի եւ Արարատյան դաշտավայրի տարածքները, ինչպես նաեւ Աբովյան քաղաքին, Աշտարակին հարող տարածքները, Արմավիրի մարզը: Միայն վերջին տասնօրյակում անտառամերձ և խոտածածկ տարածքներում արձանագրվել է 50-ից ավելի հրդեհ: Վերջին 2 օրում 19 հրդեհ է գրանցվել Հայաստանում: Այս ցուցանիշը չափից բարձր է համարվում:

Ուստի հրդեհավտանգության բարձրագույն աստիճան է սահմանված: Վիճակագրությունը փաստում է` այս առումով իրավիճակը հատկապես վտանգավոր է դարձել վերջին 5 տարիների ընթացքում: Ներկայում աշխարհում տարեկան 200 հազարից ավելի անտառային հրդեհ է գրանցվում, ընդ որում` այդ թիվը տարեցտարի ավելանում է: Գլոբալ տաքացում, ջերմոցային էֆեկտ, սրանք հրդեհների նոր պատճառներն են: Հինն ու հիմնականը մարդկային գործոնն է, շեշտում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը:

«Հնձելուց հետո արտն այրում են, ինչը չպիտի արվի, կողքը այգի կա։ Անվերահսկելի է այդ կրակը, անցնում է այգիներին: Ե՛ւ խաղողի, ե՛ւ ծիրանի, ե՛ւ մյուս մի շարք այլ այգիներին: Եվ հետագայում շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում այն մարել` հրշեջների եւ կամավորների ուժերով»,- ասաց Վրեժ Գաբրիելյանը։

Հրդեհավտանգ այս շրջանում անտառային հրդեհների կանխարգելման համար արգելվում է վառել խարույկներ: Ամառ է, ու հանգստի մեկնելիս խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,  չի կարելի նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտներ, չի կարելի  ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով շարժիչն աշխատելու պահին, վտանգավոր է շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ:

Հրդեհավտանգ վիճակը խիստ վտանգավոր է դարձնում խիստ արևոտ բացատներում շշեր, ապակու կտորներ թողնելը, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու գործել որպես հրկիզող լինզաներ: Հրդեհ կարող է բռնկվել անգամ  քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթերից, եթե դրանք թողնվեն արեւի տակ: Փրկարար ծառայությունն ու հրշեջներն, իհարկե, հարկ եղած դեպքում պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է բնակավայրերն ու անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում, եթե չլինի քաղաքացիների ուշադրությունը: 1-01 հեռախոսահամարով պատրաստ են արագ արձագանքել հրդեհների մասին ահազանգերին. հիշեցնեմ` հանրապետությունում հրդեհավտանգության բարձրագույն աստիճան է սահմանված:

Ցուցադրել ավելի
Back to top button