Քաղաքական

Հայաստանը փորձում է արգելել զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների ապօրինի տեղաշարժը

Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով, այսօր հայտարարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր սիրիացի պաշտոնակցի՝ Իսսամ Խալիլիի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիացի նախարարը Երեւանում մասնակցում է ՅՈւՆԵՍԿՕ- ի 70- ամյակին նվիրված համաժողովում եւ հանդես է եկել «Մտքի ավերածություն» զեկույցով։

Սիրիայի մշակույթի նախարարը մտահոգություն է հայտնել  զինված հակամարտության պատճառով  պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առնչությամբ։  ՀՀ մշակույթի նախարարը կիսել է արաբ գործընկերոջ մտահոգությունը և հավելել, որ պետք է միավորել ուժերը՝ մշակութային վանդալիզմը կանխելու համար։ Հասմիկ Պողոսյանն արաբ գործընկերոջն առաջարկել է երկու երկրներում հայկական և սիրիական մշակույթի օրեր անցկացնել։ Նա շեշտել է, որ ուրախ կլինի, եթե  արաբ գրողները մասնակցեն  2015թ. սեպտեմբերին Հայաստանում կայանալիք «Գրական տապան» միջազգային ծրագրին։

ՀՀ մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել Սիրիայի արաբական Հանրապետության կառավարու­թյանը և մասնավորապես մշակույթի նախարար Իսսամ Խալիլին` Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար՝ ընդգծելով Սիրիայի Ժողովրդական Ժողովի՝ մարտի 17-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ հրավիրելու փաստը: Նշելով, որ հայ-սիրիական պատմամշակութային հարաբերություններն իրենց արմատներով դարերի խորքն են գնում, Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ մասնավորապես Հայոց ցեղասպանության ժամանակ արաբ ժողովուրդն անգնահատելի օգնություն է ցուցաբերել բռնի տեղահանված հայ գաղթականներին:

Անդրադարձ է կատարվել Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի  հետևանքով 2012թ. Հայաստան ներգաղթած մոտ տասներեք հազար սիրահայերի խնդիրներին:

Հասմիկ Պողսյանը Սիրիայի գործընկերոջը նաև տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանում 1968թ. գործում է արևելագիտության ֆակուլտետը, որի կազմում է արաբագիտության ամբիոնը:

Հանդիպման ավարտին ՀՀ մշակույթի նախարարն արաբ գործընկերոջը նվիրել է Արևմտյան Հայաստանում ոչնչացված հուշարձանների մասին ժողովածու և հայկական ժայռապատկերների հազարամյա պատմությունը խորհրդանող հուշանվեր։

Ցուցադրել ավելի
Back to top button