Տնտեսական

Ի՞նչ տնտեսական զարգացումներ են սպասվում տարեվերջին

lenabadeyan

Հայաստանի տնտեսոության վիճակն այն աստիճանի անկայուն եւ ռիսկային է, որ մասնագետները տարեսկզբից տարբեր կանխատեսումներ են անում։  Քանի որ մեր տնտեսությունը խիստ զգայուն է նաեւ «դրսի» դրական կամ բացասական իրադարձությունների հանդեպ, ապա կանխատեսումները հատկապես շատ դժվար են դառնում: Ամեն դեպքում փորձենք հասկանալ, թե ինչ է մեզ սպասում այս տարվա ավարտին:

2015-ի ավարտին Հայաստանի տնտեսությունը հնարավոր է ընդհանրապես չաճի կամ 0 տոկոսից մի քիչ ավելի աճ գրանցի: Սա մեզ համար կանխատեսել է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Հաջորդ տարվա համար եւս կանխատեսում են առավելագույնը 1 տոկոս տնտեսական աճ։

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ Հայաստանն արդեն իսկ կրում է 2009-ի ճգնաժամի հետեւանքները, քանի որ այս ընթացքում ծախսել է այն ֆինանսական բուֆերները, որոնք կուտակել էր տարիների ընթացքում։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այս ամենին հավելում է՝ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների անցյալ տարվա թանկացումները դեռ վերջնական հետեւանքները չեն թողել:

Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը վերջերս հայտարարել էր՝ «Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն է ունեցել Ռուսաստանի տնտեսական ակնումը, Ռուսաստանից Հայաստան մուտք գործող տրանսֆերտների 40%-ով նվազումը եւ արտահանման նվազումը»։

Հայաստանի տնտեսությունն այս պահին ռիսկային են դարձնում նաեւ վերցված փոխառություններն ու պարտքի ավելացումը: Գաղտնիք չէ, որ արդյունաբերության գրեթե բացակայության պայմաններում Հայաստանի կառավարությունը մեծ ակնկալիքներ ունի հատկապես գյուղատնտեսությունից եւ ջերմոցային տնտեսություններից: Այս ուղղությամբ վերջին տարիներին արված որոշ քայլերի արդյունքն արդեն տեսանելի է, ասում է տնտեսագետ Բագրատ Ասատրայնը, բայց նկատում, որ սա դեռեւս բավարար չէ։

Գյուղատնտեսության ոլորտի խնդիրները կարելի է թվարկել երկար: Օրինակ՝ անասնապահության ոլորտում այսօր լուրջ կոնֆլիկտ է առաջացել՝ կապված ներկրվող էժան կաթի փոշու հետ: Արդյունքում՝ Հայաստանում արտադրվող կաթը վաճառվում է «ջրի գնով»։ Ոլորտի մյուս խնդիրը՝ հակակարկտային կայանների աշխատանքն է, որի դրական արդյունքը տարիներ շարունակ հողագործներն այդպես էլ չեն տեսնում:

Հայաստանում այսօր գործում է շուրջ 500 հակակարկտային կայան, բայց դա բավարար չէ, ասում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Կառավարությունը փորձում է խնդիրն աստիճանաբար լուծել, բայց հստակ ծրագիր տարվա համար չկա: Հասկանալի է, որ վերոնշյալ բոլոր խնդիրներն առաջին հերթին ազդում են բնակչության սոցիալական վիճակի վրա: Հայաստանում աղքատության շեմը համարվում է  օրական մեկ շնչի համար  2,5 դոլար եկամուտը։

Ցուցադրել ավելի
Back to top button