Հասարակություն

«Էրեբունի» պետական բժշկական քոլեջի շրջանավարտները դիպլոմներ ստացան

sonahakobyan
Երևանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջում տեղի է ունեցել «Քույրական գործի կազմակերպում» մասնագիտության 2015թ. շրջանավարտների դիպլոմների հանձնում: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ինչպես Քոլեջի անձնակազմը, այնպես էլ արտասահմանից հրավիրված հյուրեր, դասախոսներ, մասնագետներ: Կարևորելով քոլեջում ստացած քառամյա կրթությունը, քոլեջի տնօրեն Ալինա Քուշկյանը նշել է, որ այն համարժեք  է  «Քույրական գործի»-ի բակալավրի կրթական աստիճանին: Քառամյա կրթական ծրագրի  շրջանավարտները ստացել են ՀՀ պետական դիպլոմ քոլեջի կողմից և «Քույրական գործի»-ի բակալավրի համավաստագիր` ԱՄՆ -ի Կալիֆորնիայի Լոս  Անջելեսի  համալսարանի (UCLA) բժշկական կետրոնի կողմից:

 

Հերթական շրջանավարտներին է աշխատաշուկա ճանապարհում «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը: Եվս 15 շրջանավարտներ, ստանալով բակալավրի դիպլոմ կարող են աշխատել ինչպես Հայաստանյան բուժհիմնարկներում, այնպես էլ ԱՄՆ-ում: Մեծապես կարևորելով Քույրական գործի կազմակերպչի որակավորում ստացած շրջանավարտների առաքելությունը՝  քոլեջի տնօրեն Ալինա Քուշկյանը վստահ է, որ նրանք կդառնան մեր երկրի առաջատար բուժքույրերը և նրանց շնորհիվ Հանրապետությունում զգալիորեն կբարելավվի բուժսպասարկման որակը:

Հատկանշական է, որ առողջապահության մեջ բարեփոխումների շրջանակներում քոլեջն առաջինն է ներդրել բուժքույրերի պատրաստման եռամյա, ապա` քառամյա ծրագրերը, վերջինս` ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի UCLA բժշկական քոլեջի հետ համատեղ: Կալիֆոռնիայի քոլեջի ներկայացուցիչ Սալբի Ակարակյանը ևս կարծում է, որ քոլեջի շրջանավարտները մրցունակ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում աշխատելու համար:

Քոլեջի շրջանավարտները կարող են շարունակել մագիստրոսական ուսումը նաև միջազգային կառույցներում: Ծրագիրն իրենց տալիս է նման հնարավորություն, նշեց քոլեջի շրջանավարտ Նարեկ Ասատրյանը:

Քոլեջում ստացած կրթությունից շատ գոհ է նաև շրջանավարտ Նունե Դանիելյանը: Ուսման 4 տարիները բավականին հագեցած են եղել նաև պրակտիկայով, ինչը ևս շատ կարևոր է մասնագիտանալու գործում: Նունե Դանիելյանը կարծում է, որ իրենցից յուրաքանչյուրը պատրաստի կադր է և կարող է աշխատել ցանկացած բուժհիմնարկում:

Այսպիսով՝ Երևանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջի  շրջանավարտները   մեծ   պահանջարկ  ունեն ինչպես   Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Ցուցադրել ավելի
Back to top button