Հասարակություն

Արմավիրում քննարկվել է հողերի չեզոք դեգրադացման խնդիրը

satikisahakyan
Արմավիրի մարզում քննարկվել են ՄԱԿ-ի  «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայով նախատեսված հողերի չեզոք դեգրադացման խնդիրները, որին մասնակցել են մարզի 22 համայնքների ղեկավարները: Այս համայնքներում  հողերը վտանգված են և  ենթարկվում են անապատացման:

 

ՄԱԿ-ի «Անապաացման դեմ պայքարի» կոնվենցիայում կարևորվում է հողերի չեզոք դեգրադացիան, որը նպատակաուղղված է հողային ռեսուրսների վիճակի բարելավմանը՝ նպաստելով մարդկանց սոցիալ-տնտեսական, բնապահպանական  խնդիրների կարգավորմանը: Կոնվենցիայով նախատեսվել է հողերի չեզոք դեգրադացիան իրականացնել 17 երկրում, որոնց թվում է նաև Հայաստանը:

Հողերի չեզոք դեգրադացիան Արմավիրի մարզում նախատեսվել է  իրականացնել 22 հարակից համայնքների շուրջ 20 հազար հեկտար տարածքի վրա, որպեսզի համալիր լուծում տրվի  խնդրին: Այդ նպատակով ուսումնասիրվել են 2006-ից մինչև 2014թթ համայնքների հողային հաշվեկշիռները, որտեղ նկատվել են բացթողումներ:

Բնապահպանության նախարարության  բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ, Կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը տեղեկացրեց, որ նախատեսված համայնքների հողային հաշվեկշիռներում աղակալված հողերի մասին որևէ տեղեկատվություն չկա և համայնքներում պետք է կրկին քարտեզագրում իրականացնել:  Բացի այդ հողային հաշվեկշիռներում չի համապատասխանել հողհանդակների տեսքերն իրականությանը՝ արոտավայրի փոխարեն անտառ է նշված կամ անօգտագործելի տարածք:

Սա ենթադրում է, որ անշարժ գույքի կադաստրը պետք է նորից իրականացնի քարտեզագրում: Հողերի ոչ ճիշտ օգտագործումն ու արտաքին միջամտությունների ազդեցությունը վնասում են բերրի հողերը, ինչն էլ իր հերթին նպաստում է աղքատությանը: Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները նշեցին, որ հողերի դեգրատացիան կամխարգելելու լավագույն միջոցը ոռոգման ջրով ապահովելն է:

ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը նշեց, որ ջուրն ու հողը հողերի կայուն կառավարման հիմնական միջոցներն են, որոնք չպետք է տարանջատել և բարձրացված հարցերը տեղ կգտնեն զեկույցում: Միաժամանակ նշեց, որ խնդիրը նաև ոռոգման ջրի կայուն  օգտագործումն է և ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրումը:

Եղեգնուտ գյուղում կան աղազերծված հողեր, որոնց տրվել են կադաստրային կարգեր, սակայն իրականում դրանք գտնվում են անապատացման տակ և փոշիանում են: Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը ներկայացրեց իրենց համայքնի կրկնակի աղակալման տակ գտնվող հողերի պատկերը և նույնպես  կարևորեց ոռոգման անհրաժեշտությունը:

Հողերի դեգրադացիան կանխարգելելու նպատակով միայն ոռոգման ջուրը բավարար չէ, այն համալիր լուծում է պահանջում: Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը կարևորեց Արարատյան դաշտավայրում հողերի չեզոք դեգրադացման խնդրի լուծումը, քանի որ այս տարածքում են ավելի սուր արտահայտված անապատացման երևույթները, իսկ Արարատյան դաշտը երկիրը կերակրող շտեմարան է. «Եթե հողերը անապատացվեն, ապա երկրում լուրջ խնդիր ենք ունենում  պարենային  անվտանգությունը ապահովելու  տեսակետից»:

ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայով հողերի չեզոք դեգրատացման խնդիրները քննարկվեցին նախատեսված համայնքների ղեկավարների հետ, առաջարկությունները կներկայացվեն աշխատանքային խմբին, որոնք էլ տեղ կգտնեն զեկույցում:

Կարդացեք նաև
Close
Back to top button