ԿարևորՏնտեսական

Taron-Avia- ն հայտարարում է քաղաքացիական կանոնավոր չվերթներ իրականացնելու մասին

Աշնանը հայկական Taron-Avia- ն (անունը ծագում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառից) պատրաստվում է քաղաքացիական կանոնավոր չվերթներ իրականացնել Boeing 737-500 ինքնաթիռներով Ռուսաստանի քաղաքներ, հայտնում է ato.ru-ն՝ գործարար ավիցիայի պորտալը։

Պորտալին տված հարցազրույցում ավիաընկերության միակ սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանը հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է հիմնավորվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ «Հայաստանի մայրաքաղաքից մենք ցանկանում ենք հիմնականում թռչել Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Սոչի, Վոլգոգրադ, Վորոնեժ»,- ասել է նա։

Պապիկյանն իր բեռնատար ավիաընկերությունը գրանցել է 2007- ին։ Նա Երեւանից ընկերությունը գրասենյակ ունի Արաբական Միացյալ Էմիրություններում, նաեւ օդային բեռնափոխադրումներ է իրականացնում Աֆրիկայում Ан-12 եւ Ил-76 ինքնաթիռներով։ Taron-Avia- ի պարկն այժմ կազմված է երեք Boeing 737-500 ինքնաթիռներից։

Taron-Avia- ի ինքնաթիռները մինչ այս շահագործվել են հայկական ավիաընկերությունների կողմից։ 1994- ին արտադրված մի Boeing- ը ընկերությունը լիզինգով ձեռք է բերել դեռ 2013- ին եւ վարձով տվել Air Armenia- ին։ «Երբ Air Armenia- ն դադարեցրեց թռիչքները, ինքնաթիռները վերադարձրեցինք։ Շուտով լիզինգի ժամկետը կավարտվի եւ այն կդառնա մեր սեփականությունը»,- ասել է Գառնիկ Պապիկյանը։

Մյուս երկու Boeing- ների առուվաճառքի գործարքն ավարտվել է վերջերս։ Դրանք նախկինում շահագործվել են 2013- ին սնանկացած  Armavia- ի կողմից։

Անդրադառնալով Հայաստանում հայտարարված «Բաց երկնքի» քաղաքականության պայմաններում աշխատելու հնարավորությանը՝ Պապիկյանն ասել է. «Անկեղծ ասած, մեր ղեկավարությունը արել է ամենամեծ հիմարությունը, որը կարող էր անել քաղաքացիական ավիացիայի ոլորտում։ Կպայքարենք շուկայի համար իմ մասնավոր ներդրումների շնորհիվ, պետական սուբսիդիա մենք չենք ունենա»։

Ato.ru- ն նաեւ տեղեկացնում է, որ թռիչքները վերականգնելու ցանկություն է հայտնել նաեւ Air Armenia- ն։

Ցուցադրել ավելի
Back to top button