Ցեղասպանություն 100

Որոնք են մեր հետագա քայլերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո

aidaavetisyan
Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային կառույցների արձագանքը Մեծ եղեռնին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դրական է գնահատում եւ նշում, որ հանրային իրազեկման  բարձրացման գործում դա մեծ քայլ էր: Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատել է, որ հայոց ցեղասպանության հարցը միջազգային կառույցների կողմից օրակարգ բերելը քաղաքական նպատակներ է հետապնդում: Երբ որևէ մեկը խոսում է  Հայոց ցեղասպանության մասին, մենք պետք է զգոն լինենք և  հասկանանք, թե արդյո՞ք տվյալ պետության  քաղաքական  նպատակները համապատասխանում է մեր ազգային շահերին:

 

Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ  միջազգային մամուլը բուռն արձագանքեց եղեռնի ճանաչման և դատապարտման հարցին: Մամուլի շատ հրապարակումներում տեղ գտան հանցագործությունը ցեղասպնություն կոչելու և այդպիսով  հայ-թուրքական հաշտեցում նախաձեռնելուն ուղղված  հոդվածներ:  100-րդ տարլիցին ընդառաջ ընդլայնվեց  Թուրքիայի կողմից կատարված ոճրագործությունը ճանաչած երկրների աշխարհագրությունը: Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանի գնահատմամբ՝ համաշխարհային մամուլի և գիտական հանրության, ինչպես նաև այս տարվա  առաջին  կեսին միջազգային կառույցների վարած  քաղաքականության  արձագանքները դրական են:

«Ես ուրախ եմ, որ Հայոց ցեղասպանության  հարցը  պարփակված չէ միայն հայագիտության սահմաններում։ Դա միջազգային հանրույթի և ցեղասպանագիտության գլխավոր թեմաներից մեկն է, որի մասին խոսվում է, որը համեմատվում է այլ ցեղասպանությունների հետ: Այսօր  կարող ենք խոսել համաշխարհային մամուլի մասին, երբ ժամանակին ողջ մամուլն էր գրում համիդյան կոտորածների 15-ից  22 թվականների իրադարձությունների մասին: Այսօր ևս մենք հազարավոր հրապարակումներ տեսանք ապրիլ ամսին»:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման  գործընթացը, Հայկ Դեմոյանի ձևակերպմամբ, հանրային իրազեկման բարձրացման համար մեծ քայլ էր: Մենք ունենք տպավորիչ և մեծ արդյունք, որով  չպետք է բավարարվել, հավելեց հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Իսկ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էլ կարծում է, որ տարբեր միջազգային կառույցներ Հայոց ցեղասպանության հարցն օրակարգ բերելով, հետապնդում են տարբեր նպատակներ՝ Միացյալ Նահանգները ցեղասպանություն եզրի շուրջ  իրականացնում է քաղաքական առևտուր,  Եվրոպան էլ՝ հակառակ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, ճնշում է Թուրքիային՝ ճանաչել տալու համար հայոց ցեղասպանությունը, իսկ Չինաստանը, Իրանն ու այլ պետություններ  հարցի շուրջ լռում են ընդհանրապես: Այսպիսով՝ Հայոց ցեղասպանության հարցը դարձել է  միջազգային  քաղաքական շահարկումների նյութ, նկատում է քաղաքագետը:

«Միշտ, երբ խոսում են հայոց ցեղասպանության թեմայի մասին, մենք պետք է զգոն լինենք թե ինչու են խոսում այդ  թեմայի մասին, արդյո՞ք  նրա ասածը մեր ազգային շահերի հետ համապատասխանում է»:

Ըստ Ալեքսանդր Մանասյանի՝ մեր  հիմնական բանաձևը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է, իսկ սա  համարժեք պատասխանը չէ հանցագործի կատարած  ոճրի քաղաքական բովանդակությանը: Մենք հարցը քննարկելուց միշտ նշում ենք, որ  այն կատարվել է Օսմանյան կայսրությունում, սակայն  մոռանում ենք  ցեղասպան պետության կողմից հիմնված մեկ այլ ցեղասպան պետության  Ադրբեջանի  իրագործած ադրբեջանահայության  կոտորածների մասին:

Քաղաքագետի խոսքով՝ եթե մեզ հաջողվի ցեղասպանության մեղադրանքը ներկայացնել նաև ադրբեջանական այսօրվա  հանրապետությանը, ապա ղարաբաղյան և նախիջեւանյան խնդիրների լուծումները այլ  լույսի տակ կերևան: Իսկ սա էլ քարոզչական՜ քաղաքական և տեսական մեծ աշխատանք է պահանջում, նշեց քաղաքագետը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button