Տնտեսական

«ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն Վրաստանում եւս մտադիր է բարձրացնել էլէներգիայի սակագինը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Արևմտամետ արտաքին քաղաքական ուղղությունը բռնած մեր հարևան Վրաստանի էլեկտրաեներգիայի ոլորտը եւս մեծ կախվածություն ունի ռուսական ընկերություններից: Ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն աշխատում է նաև Վրաստանում. էլեկտրաէներգիայի սակագինն այնտեղ ցածր է, սակայն  հավանականությունը մեծ է, որ այս տարի կբարձրանա:

 

Վրաստանում եւս ռուսական կապիտալը մեծ տեղ է զբաղեցնում և հատկապես էլեկտրաէներգիայի ոլորտում:  Երկրում էլեկտրաէներգիա մատակարարող «Թելասի» բաշխիչ ընկերության 75%-ը պատկանում է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ին: Սակայն Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բավականին ցածր է Հայաստանի համամետ:  «Ինտեր Ռաոն», սակայն, այս տարի  Վրաստանում եւս մտադիր է  բարձրացնել սակագինը:

«Ռադիոլուրի»  հետ զրույցում Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն նշեց, որ  մինչև հիմա նոր  իշխանությունները  հետ  էին պահում նման քայլից. որովհետև սոցիալական վիճակը առանց այդ էլ երկրում լարված է.

«Այժմ,  եթե սակագինը Վրաստանում բարձրանա, դա ավելի շատ ազդելու է իշխող կոալիցիայի ռեյտինգի վրա. «վրացական երազանքի» տված խոստումները այդպես էլ երազանք մնացին»:

Ասում է  զրուցակիցս, զարմանալով,  իսկ թե ինչու է Հայաստանում թանկանում էլեկտրաէներգիայի սակագինը. «Ես չեմ կարողանում հասկանալ.  Հայաստանը Ռուսատանի դաշնակիցն է, ընդգրկված է ռուսական գրեթե բոլոր միություններում`  ԵՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ… ինչու հայ ժողովուրդը չի օգտվում արտանություններից ու պահանջում ավելի լավ պայմաններ»:

Ռուսական ընկերությունը  կարծես  թե Վրաստանում ավելի արդյունավետ է աշխատում, քան Հայաստանում:  Ասում է  քաղաքագետը` կոչ է անելով հայաստանյան բողոքի ակցիայի մասնակիցներին սկսած սկսած պայքարը հասցնել ավարտին:

Իսկ վրացական «Ուսանողների ցանցի»  անդամները պնդում են, որ թույլ չեն տա, որ Վրաստանում եւս բարձրացվի էլեկտրաէներգիայի սակագինը:  Նրանք, որ վերջերս  համերաշխության ակցիա  անցկացրին  հայաստանյան ցույցի  մասնակիցներին աջակցելու նպատակով, ասում են.

«Նման դեպքերում մենք հայ երիտասարդների հետ միասին պետք է աշխատենք: Մենք դեռ փողոց դուրս չենք եկել, բայց հնարավոր է, որ մեզ նույնպես ստիպեն  դա անել:  Մեր պահանջը արդար է, քանի որ  դա բխում է ողջ ժողովրդի շահից»:

Ցուցադրել ավելի
Back to top button