Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ-ն որպես միջնորդ շարունակում է մնալ անփոխարինելի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. դեսպան

lianaeghiazaryan
Արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն որպես այդպիսին սպառել է իրեն` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու հանձնառության մասով, եւ արդյոք իր տնտեսական ուղեծիրը եվրոպականից եվրասիականով փոխարինելը Հայաստանին սպառնում է եվրոպական ծրագրերի չիրագործման առումով: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես միջնորդ շարունակում է մնալ անփոխարինելի, իսկ ԵՏՄ-ԵՄ որեւէ անհամատեղելիություն չկա: «Ավելին` աշխատում ենք եվրոպական ուղղությամբ նոր ծրագրերի վրա»,-հայտարարել է դեսպանը:

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես միջնորդ շարունակում է մնալ անփոխարինելի, խմբի անդամ 3 պետությունները միանշանակ ներդաշնակորեն շարունակում են աշխատել իրար հետ, այսօր ՄԱԱ- ում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն` «Ռադիոլուր»-ի խնդրանքով մեկնաբանելով վերջերս որոշ քաղաքագետների հայտարարությունները, թե հիմնախնդրի կարգավորումը դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցության շրջանակից` տեղափոխվելով միայն Ռուսաստանի կարգավորման դաշտ:

Դեսպանը մանրամասնեց, որ եկող շաբաթ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան: «Գիտեք նաեւ Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի լիակատար հանձնառությունը` օգնել գտնել այս թնջուկի լուծման բանակցված, ընդունելի տարբերակ»,-ասաց Շարպանտյեն:  Ինչ վերաբերում է բլից-կրիգի ռիսկի ու հավանականության մասին կանխատեսումներին, ապա Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ավելի շատ հակված է նման դիտարկումները սպեկուլյատիվ բնորոշել:

Ֆրանսիան Հայաստանին աջակցում է նաեւ ժողովրդավարության իր փորձով: Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն չմեկնաբանեց վերջին շրջանում Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողների նկատմամբ ոստիկանության ցուցաբերած ագրեսիվ գործողություններն ու գնահատական չտվեց դրանց, բայց հայտարարեց, որ ֆրանսիական լրատվամիջոցները լայնորեն արձագանքեցին, իրենք էլ ամեն պահի պատրաստ են վիճակի կայունացման հարցում օգնել: Իսկ ընդհանրապես հայ-ֆրանսիական գործակցությունն ու բարեկամությունը մեր երկրում Ֆրանսիայի դեսպանն այսպես բնորոշեց: Առանձնահատուկ, բարձրակարգ, առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք ընթանում են անկեղծ բարեկամության մթնոլորտում:

Եվրասիական միությանն անդամակցած Հայաստանի եվրոպական ուղղությամբ ծրագրերի մասին դեսպանը լավատեսությամբ արտահայտվեց: ԵՏՄ-ԵՄ որեւէ անհամատեղելիություն չենք տեսնում, ավելին` գործակցության նոր ուղիներ ենք փնտրում, հայտարարեց դեսպանն ու որպես ասվածի վկայություն հիշեցրեց այս տարվա մայիսի 22-ին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվում էր, թե ինչպես պետք է խմբագրվի ՀՀԵՄ ասոցացման` այդպես էլ չստորագրված համաձայնագիրը, որպեսզի հնարավոր լինի այն հետագայում իրագործել: ԵՄ-ից զատ` Ֆրանսիան էլ Հայաստանի հետ գործակցության նոր ծրագրեր ունի: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան այցից հետո` այս աշնանը, սպասվում է հայ-ֆրանսիական խոշոր գործարար համաժողով, ապա նաեւ` ֆրանկոֆոն երկրների նախարարների հանդիպում Երեւանում: ՀԱԷԿ-ի նոր կառուցմանը Ֆրանսիայի մասնակցության կամ Քարֆուրի տնտեսական օգուտների մասին տեղեկություններ չունի, փոխարենը գյուղմթերքի վերամշակման, ջրամբարի կառուցման եւ բուժսարքավորումների տրամադրման ստույգ ծրագրեր կան: 

Հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոնն է: Սա ասուլիսի ժամանակ շնորհավորելու ու այդ երկրի ժողովրդավարության հիմքերը վերհիշելու առիթ էր: Հիշեցնեմ` ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը դրվել է 1789 թվականի հուլիսի 14-ին` Բաստիլ բանտ-ամրոցի գրավման օրը: Բաստիլը 14–18-րդ դարում բանտ–ամրոց էր Փարիզում` հիմնականում քաղբանտարկյալների համար։ Ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող ամրոցի գրավումն ու քանդումը թոթափեց քաղաքական բռնապետությունը ու նոր սկիզբ դրեց, ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ համաշխարհային պատմության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button