Հասարակություն

Պրոբացիոն ծառայության ներդրման օրենսդրական կարգավորումները՝ աշնանը

lusinevasilyan

Հունիսից Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձնական ստորաբաժանումների աշխատանքները: Սրանք քրեական արդարադատության նոր ինստիտուտի ներդրման  առաջին քայլերն  են:  Համակարգի ամբողջական ներդրումը նախատեսվում է օրենսդրական համապատասխան կարգավորումներից հետո, որոնք  սպասվում են աշնանը: 

Կառավարությունն արդեն հաստատել է պրոբացիոն ծառայության ներդրման մասին հայեցակարգը, իսկ օրենսդրական կարգավորումները, որոնք պետք է ապահովեն քրեական արդարադատության ոլորտում ներդրվող նոր ինստիտուտի  իրավական հիմքը, դեռ առջևում են. կառավարությունը մտադիր է դրանք խորհրդարանի քննարկման առարկա դարձնել աշնանը:

Եվ չնայած օրենսդրական կարգավորումներ դեռ չկան, համակարգն արդեն  փորձարկվում է: Հունիսից Երևանի Շենգավիթ վարչական շրջանում  և Վանաձորում մեկնարկել են պրոբացիոն ծառայության պիլոտային ստորաբաժանումների աշխատանքները:  Դրանց գործունեության  առաջին արդյունքները կամ պարզապես համակարգի գործարկման  առաջին քայլերը  գնահատում է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Առաջին 20 օրվա ընթացքում նախ մենք փորձել ենք այդ փորձարարական ծրագրերում ներգրավված աշխատակիցներին շարունակական վերապատրաստում ապահովել: Բացի փորձարարական տեղամասերի աշխատակիցներից, այնտեղ աշխատում են նաև մեր միջազգային փորձագետները, բացի այդ՝ ներկայում մենք տիպային փաստաթղթերի ձևեր ենք մշակում, դատապարտված անձանց ռիսկերի և վարքագծի գնահատման գործիքներ ենք մշակում և փորձում ներդնել այդ տեղամասերում»:

Ըստ Քրմոյանի ՝ առաջիկայում նախատեսվում է նաև փորձարարական տեղամասերի աշխատակիցներին գործուղել  Վրաստան՝ այնտեղ ծանոթանալու, թե  գործնականում ինչպես է աշխատում համակարգն  այդ երկրում: Վրաստանն իր քրեական արդարադատության ոլորտում այս ծառայությունն արդեն ներդրած երկրների շարքում է:

Հայաստանում այն  դեռևս ներդրման ճանապարհին է: Իսկ այս համակարգի ներմուծումը մեր երկրի համար կարևոր է հատկապես նկատի ունենալով կալանքի՝ որպես խափանման միջոցի ծավալուն կիրառումը , քրեակատարողական հիմնարկների բեռնվածությունը և ընդհանրապես ՝ արդարադատության պատժողական բնույթի փոփոխխման անհրաժեշտությունը:

Մասնագետներն ասում են, որ  պրոբացիան թույլ կտա  փոխել մեր արդարադատության բնույթը՝ պատժողականից շրջվելով դեպի վերականգնողականը:  Եթե հակիրճ, ապա պրոբացիան կիրառվում է որպես կարճաժամկետ ազատազրկման այլընտրանք: Ըստ միջազգային փորձի ՝ դատարաններն այն կիրառում են հանցագործություն կատարած այն անձանց նկատմամբ, ովքեր ուսումնասիրության արդյունքում և  որոշակի չափանիշների բավարարման դեպքում, համարվում են հասարակության համար վտանգ չներկայացնող և նրանց հանդեպ կիրառվում է պատիժ, որը նրանք կարող են կրել քրեակատարողական հաստատությունից դուրս:

Պրոբացիոն ծառայությունը վերահսկում է հենց այն իրավախախտներին, ովքեր այլընտրանքային  պատիժներ են կրում կամ  պատժի կրումից վաղաժամկետ ազատված են: Այս ծառայության դերակատարումը կարևոր է նաև նրանով, որ հենց դրանք են դատարաններին խորհրդատվություն ներկայացնելու իրավախախտ անձանց հետ կապված ռիսկերի և նրանց կարիքների վերաբերյալ:

Հայաստանում այս ծառայությունների ձևավորումը ոչ միայն նոր ու վերապատրաստված կադրեր է պահանջում, այլ նաև որոշում ՝ զինվորակա՞ն, թե՞ քաղաքացիական է լինելու: Սուրեն Քրմոյանն ասում է՝ հատուկ ծառայություն է լինելու, որը զինվորական ծառայություն չի համարվելու: «Այսինքն՝ նախատեսվում է, որ հատուկ համազգեստ չեն կրելու, հատուկ ուսադիրներ չեն կրելու, բայց ունենալու են հատուկ ծառայությանը բնորոշ դասային աստիճաններ, որովհետև պլանավորում ենք, որ առնվազն ծառայության 1/3-ից մինչև կեսը մենք տեղափոխման կարգով կնշանակենք գործող Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումից, ծառայության մնացած մասի համար  կներգրավենք հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, որոնք կօգնեն և կհամալրեն այդ ծառայությունն ու կապահովեն միջազգայնորեն սահմանված չափանիշներին համապատասխան գործունեությունը»:

Փոխնախարարը չի ժխտում, որ զինվորականից անցումը քաղաքացիականի Այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների մասնագետների համար  նաև հոգաբանական գործոններ ունի: Ասում է՝ փորձ է արվելու պահպանել առնվազն նույն սոցիալական այն երաշխիքները: « Իհարկե, մարդիկ, որոնք տասնյակ տարիներ կրում են համազգեստ, որոշակի դժվարություններ կառաջացնեն, բայց մենք փորձում ենք մշակվող օրենսդրության սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի նրանց սոցիալական երաշխիքները պահպանենք առնվազն նույն մակարդակով, ինչ ունեն քրեակատարողական ծառայողները»:

Այն, որ պրոբացիոն ծառայությունն անհրաժեշտ է հայաստանյան քրեկատարաղողական համակարգին, նաև ֆինանսական հիմնավորում ունի. մեր երկրում յուրաքանչյուր դատապարտյալի կեցությունը  քրեկատարողական հիմնարկում ապահովելու համար բյուջեից օրական 6000 դրամ է  ծախսվում: Քրեակատարողական հիմնարկներում այսօր ավելի քան 4000 դատապարտյալ կա, իսկ դա նշանակում է, որ այդ ուղղությամբ օրական ծախսվող գումարը անցնում է 24 մլն դրամի սահմանը: Պրոբացիայի ներդրումը, թեև   դատապարտյալների փոքր խմբի համար, բայց, այդուհանդերձ,  միջոցներ խնայելու հնարավարություն կտա: Ըստ նախնական հաշվարկների՝ պրոբացիայի վերահսկողության տակ գնտնվող իրավախախտի վրա պետությունը տասն անգամ պակաս գումար կծախսի:

Ցուցադրել ավելի
Back to top button