ԿարևորՄշակույթ

Հայաստանը միանում է համաշխարհային մշակութային ժառանգությունը փրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը

lianaeghiazaryan

Հայկական հայտնի քոչարին հնարավոր է համալրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը: Հայտն արդեն ներկայացված է, կքննարկվի այս տարեվերջին: Նոր անելիքներ էլ կան, բայց նոր հայտեր` դեռ ոչ, այսօր Երևանում՝ Մատենադարանում, ընթացող «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների տեղեկացրել է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարել է` Հայաստանը միանում է համաշխարհային մշակութային ժառանգությունը փրկելու` ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը:

«21-րդ դարում հուշարձանների պահպանության հարցում «փրկեցեք»-ն ամենաարդի արտահայտությունն է դարձել, շեշտում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջազգային խոշորագույն միակ կառույց է, որն իր ամենօրյա պաշտպանության տակ է վերցրել մշակութային խնդիրները, մշակութային ժառանգության պահպանման հարցը»,-շարունակեց Պողոսյանը Երևանում՝ Մատենադարանում, ընթացող «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ:

Հայաստանը  մշակութային 7 կոնվենցիաներից 5-ի անդամ է, եւ այս 3 օրերին քննարկման օրակարգում են նաեւ տարածաշրջանում պատմամշակութային ժառանգության պահպանման լրջագույն խնդիրները` նշված կոնվենցիաների կիրառման դժվարություններով: 2015-ից հետո մշակութային քաղաքականությունն ինչպիսին է լինելու աշխարհում. համաժողովի ավարտին պետք է մեկտեղվեն տեսակետերը:

Աշխարհում այսօր ավերվում են մշակութային խիստ արժեքավոր կոթողներ, եւ ավերողները մշակութային կոնվենցիաների մասին անգամ չեն էլ մտածում, օրինակ` մեր հարեւան երկրները` հայկական ժառանգությունը ոչնչացնելով: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունն է փաստում` սրա խնդրահարույց լինելն էլ շեշտելով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախ շեշտեց` համաժողովը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: 7 տասնամյակի ձեռքբերումներն ու խնդիրներն այսօր են ամփոփվում:

Մշակութային ժառանգության ու քաղաքակրթության պահպանումն այսօր աշխարհում քաղաքական, կրոնական ու ազգային ատելության հարց է դարձել, նկատեց Նալբանդյանն ու ասվածը հավաստող օրինակներին անցավ: «Ցավոք, պատմության ընթացքում տարատեսակ ավերիչ բռնությունները բնաջնջել են քաղաքակրթություններ, ոչնչացրել, արմատախիլ արել մշակույթներ իրենց բնօրրաններից։ 21-րդ դարում աշխարհի տարբեր տարածաշրջաններում մշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, ինչպիսին են, օրինակ, Աֆղանստանում 2001 թվականին Բուդդայի արձանների, Նախիջևանում ադրբեջանական բանակի կողմից Ջուղայի հայկական խաչքարերի, մի քանի շաբաթ առաջ սիրիական քաղաք Պալմիրայում 2000-ամյա պատմություն ունեցող հուշարձանների ոչնչացումը, վկայում են, որ կրոնական և ազգային ատելության դրսևորումները հավասարապես ուղղված են մշակութային արժեքների դեմ: Այսօր Մերձավոր Արևելքում վտանգի տակ են հայտնվել այնպիսի մշակութային կոթողներ, որոնք պահպանվել են հազարամյակներ շարունակ: Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավերումը պետք է վճռականորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից»,- նշում է ԱԳ նախարարը։

Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին լուրջ մտահոգությամբ հետեւելով` Հայաստանն իր աջակցությունն է հայտնում «Միացիր հանուն ժառանգության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությանը` մշակութային վանդալիզմի հետագա դրսեւորումները կանխարգելելու նպատակով:

Թեմայի բերումով արտգործնախարարը հասավ մինչեւ Հայոց ցեղասպանության խնդրին, երբ մշակութային գործիչների ձերբակալությանն ու բնաջնջմանը հետեւեց հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ներուժի ոչնչացման փորձը: Ցավալի է, որ 100-րդ տարելիցին մենք ականատես եղանք ահաբեկիչների կողմից սիրիական Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավերմանը, որը Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող սրբատեղի էր: «Սա, միևնույն ժամանակ, խորհրդանշական կապի վկայություն է մարդկության դեմ անցյալում և այսօր գործած հանցագործությունների միջև: Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր ատելության և անհանդուրժողականության ուժերն իրենց նպատակին հասնելու ճանապարհին առաջին հարվածն ուղղում են հենց մշակութային արժեքների վրա, քանզի մշակույթը սերունդների միջև կամրջողօղակ է հանդիսանում»:

Մշակույթների եւ կրոնների խաչմերուկում գտնվող Հայաստանը մշակութային համաժողովն անցկացնում է Մատենադարանում, որտեղ պահպանվում են ոչ միայն հայերեն, այլև արաբատառ և այլ լեզուներով ձեռագրեր: Եռօրյա կոնֆերանսին մասնակցում են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից: Այն աշխատանքները կավարտի հռչակագրի ընդունմամբ` համահունչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին:

Եւ` հայկական մշակութային արժեքների արժեւորման մասին: Հայկական հայտնի քոչարին հնարավոր է համալրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանի տեղեկացմամբ` Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայում ամենապահպանված հայկական պարը ցուցակում ընդգրկելու հայտն արդեն ներկայացված է: Պարզ կլինի տարեվերջին:

Հաջորդ տարիների համար էլ կան ծրագրեր, սակայն դեռևս ներկայացված հայտեր չկան: Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված է Հայաստանի կողմից ներկայացված չորս մշակութային արժեք՝ «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում»:

ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ցայսօր Հայաստանից ընդգրկված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, նաև Զվարթնոց հնավայրը:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button