Գիտնականն առաջարկում է գյուղցանցերը գործել բազալտե թելերից


Շաբաթը երկու անգամ հայ գիտնականներն ուղիղ կեսօրին «Նոյան տապան» գիտակրթական կենտրոնում հավաքվում են ու քննարկում իրենց գյուտերը, փորձում դրանց կյանքի կոչման ուղիներ գտնել: Հերթական հանդիպմանն այսօր 120 գյուտի հեղինակ Լեոնիդ Պետրոսյանը գյուղատնտեսությունում այնքան անհրաժեշտ ցանցերի տեղադրման իր եղանակն է առաջարկել՝ ցանցերը գործել բազալտի հումքից ստացված թելերից:
Ակնհայտ է, որ գյուղատնտեսական այս տարին առատ է, ավելին, ԱՎԾ օրերս հրապարակած ցուցանիշերում վերջին ամսիներին նկատվող գնանկումը բանջարեղենի ցածր գնով է պայմանավորված: Ոլորտի պատասխանատուները, հայ օդերևութաբանները պարբերաբար հայտարարում են ,որ 2015թ գարունը բացառիկ էր, քանի որ ցրատահարության կամ կարկտահարության զանդվածային դեպքեր չեն գրանցվել:
Գյուղացիները, և ոչ միայն, դեռ երկար են հիշելու և 2013թ մայիսյան կարկուտը, և 2014թ ապրիլյան ցրտահարությունը։ Գյուղացիները կողմ են գյուղացիական ապահովագրության ինստիտուտի ներդրմանը, ոլորտի պատասխանատուները՝ նույնպես, սակայն, հայտարարություններում անպակաս է նաև՝ ոլորտը ռիսկային է արտահայտությունը:
Հայ գիտնականները, սակայն, ելքը գտել են: Համենայնդպես՝ գիտնական Լեոնիդ Պետրոսյանն առաջարկում է պայքարել ցրտի, կարկուտի, անգամ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ: 120 գյուտի հեղինակ գիտնականն առաջարկում է ցանցային նոր մոտեցում՝ հայրենի գյուղատնտեսությունում: Կիսացանցերի հումքը բազալտի թելն է, որոնք գիտնականի առաջարկով իրարից 3,5 մմ հեռավորությամբ են տեղադրվելու։ «Եթե անգամ քամին ցանցերը հանի, կարելի է նաև ձեռքով ուղղել»,- ասում է։
Մեկ հա համար պահանջվելու է մոտ 12 հազար 400 դոլար: Գիտնականը պնդում է, որ ավելի մատչելի գնով տեղադրված ցանցերը պակաս արդյունավետ են լինելու: Ի դեպ՝ խաղողի այգիների , պտղատու ծառերի համար առաջարկվող ցանցերը տարբեր են: Լեոնիդ Պետրոսյանը թեև վստահ է իր առաջարկի վրա, սակայն, պնդում է, որ այն միանգամից կիրառելը ճիշտ չէ։ «Երկու գրություն կա, սակայն, գյուղատնտեսությունն այնպիսին է, որ պետք է անպայման փորձարկել: Առանց փորձարկման սխալ կլինի կիրառել»,- ասում է։
Գիտնականը պնդում է՝ գյուղատնտեսության նախարարությունում տեղյակ են իր առաջարկից, թե ե՞րբ կփորձարկվի այն, կփորձարկվի՞ արդյոք, դեռ պարզ չէ: