Հասարակություն

Հայ ճարտարապետների վերջնագիրը` «Զվարթնոցի» կլոր շենքի հետագա ճակատագրի մասով

lianaeghiazaryan
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ճակատագիրը մնում է ոչ միայն անորոշ, այլեւ բուռն քննարկումների թեմա: Այս հարցի շուրջ բախվում են մի քանի հակասական կարծիքներ: «Շենքը ծայրաստիճան հին է` քանդման ենթակա»,-պնդում են «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարչի մասնագետները: Իսկ հայ ճարտարապետներն ահազանգում են` համաշխարհային ճարտարապետության 20 րդ դարի նվաճումներից մեկը` «թեւերը» լայն բացած շենքը, հնարավոր է վերակառուցել ու ամրացնել, ինչի տարբերակներն իրենք էլ առաջարկում են: Բայց մի «բայց» էլ կա: «Զվարթնոց» օդանավակայանի իտալացի ճարտարապետն էլ երեկ հայտարարել է, թե իրենք օդանավակայանի տարածքի ընդլայնման կարիք ունեն, ու նաեւ դրա համար են որոշել հին շենքը քանդել:

Կքանդվի արդյոք «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը, թե ոչ: Այս հարցն արդեն որերորդ անգամ քննարկվում է` առանց վերջնական հանգուցալուծման: Խնդիրն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարիչը օդանավակայանի տարածքի ընդլայնման խնդիր ունի` հիմնավորմամբ, որ առաջիկա 30-40 տարիների համար միջազգային պահանջները բավարարելու նպատակով կարիք ունի նոր տարածքների ու դրանցում նոր մասնաշենքերի կառուցման: Իսկ նոր տարածքը պետք է ապահովվի նաեւ օդանավակայանի հայտնի կլոր մասնաշենքի տեղի հաշվին, քանի որ, ինչպես պատճառաբանում են «Զվարթնոց»-ի կոնցեսիոների մասնագետները, հին շենքն անհույս վիճակում է`վտանգավոր: Ուստի առաջարկում են այն քանդել, տեղում կառուցել բումերանգանման շինություն, որի նախագիծը եւ ներկայացվել է քննարկման: Այս խնդիրը հայ ճարտարապետների շրջանում առաջացրել է դժգոհության մեծ ալիք: Շենքը քանդելն անընդունելի է, պնդում են մասնագետները, Զվարթնոցի կլոր շենքը Հայաստանի համար նախ եւ առաջ մշակութային, պատմական, քաղաքաշինական բարձր արժեք է ներկայացնում: Այն համաշխարհային ճարտարապետության 20-րդ դարի նվաճումներից մեկն է, ասում են: Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն այս առումով հայտարարում է` հայ ճարտարապետները ներկայացրել են իրենց նախագիծը, որով առաջարկում են կլոր շենքը բարեկարգել, ուժեղացնել, համապատասխանեցնել ժամանակակից նորմերին: «Դրա հնարավորությունը կա»:

«Կոնցեսիոները մշտապես պնդում է, որ մեծ ծախսերի հետ է կապված, անհնարին է, թե հին կառույցը շատ հին է, բայց մեր առաջարկով բավականին մատչելի հնարավոր է հասնել հուշարձանի պահպանությանը»: 

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նաեւ հայրենի մշակույթի նախարարությունից է դժգոհ: Ասում է` դեռ մեկ տարի առաջ Ճարտարապետների միությունը դիմել է`«Զվարթնոցի» կլոր շենքն ընդգրկելու պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, սակայն մինչ այժմ արձագանք չկա: Արդեն տարի ու կես է` այս հարցը բուռն քննարկումների առանցքում է: Ճարտարապետները միանշանակ դեմ են դրա քանդմանը, վստահ են, որ դա միայն բիզնես շահեր է սպասարկում, եւ որ իրականում գեղեցիկ այդ շենքը հնարավոր է ամրացնել: Եթե անգամ դա որպես մասնաշենք չծառայի, կարող է որպես թանգարան կիրառվել, «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ «Արմենիա- Միջազգային օդանավակայաններ» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին նման առաջարկով են դիմում հայ մասնագետներն ու հույս հայտնում, որ հայազգի գործարարը կարող է համաձայնել, ինչպես արտաքին գործերի նախարարության գործող շենքի առումով համաձայնվեց:

Այս ընթացքում կոնցեսիոները մեկ անգամ արդեն վերանայել է իր ներկայացրած մաստեր պլանը, նորն է առաջ քաշել, որով առաջարկում է պահպանել հին օդանավակայանի ընդամենը կենտրոնական աշտարակը, պատճառաբանությամբ, թե հին շենքը ծայրաստիճան վթարային է: Բայց  սա էլ են ճարտարապետները մերժում, քանի որ չեն բավարարվում իրենց պահանջները հուշարձանի պահպանման հարցում: «Արմենիա» օդանավակայաններ ՓԲԸ ենթակառուցվածքների մենեջեր, ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալը մեղադրանքներին ու առաջարկներին որպես պատասխան նշում է`

«Այնպես չէ, որ մենք չենք արժեվորում հուշարձանը, լավ հասկանում ենք արժեքը, «սեւ ձեռք» չկա, որը ցանկանում է քանդել շենքը, բայց օդանավակայանի փորձագետների կարծիքով` կլոր շենքը չենք կարող կիրառել որպես ժամանակակից պայմաններին համահունչ շենք, քանի որ հենց սկզբից արդեն որոշվել է, որ պետք է այլ համալիր կառուցվի՝ ընդլայնելով օդանավակայանը: Քաղավիացիայի կողմից առաջարկություն է եղել ընդլայնել օդանավակայանի տարածքը, ինչն էլ մենք տեսնում ենք նոր համալիրի կառուցմամբ»:

«Արմենիա» օդանավակայանների ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալի այս հայտարարարությունը Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նիստում միանգամից բուռն արձագանքներ հարուցեց: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր առաջարկն ուղղեց կոնցեսիոներին` ներկայացված նախագիծը չեղյալ համարել, հաջորդ նախագիծը մշակել՝ բայց անպայման համագործակցելով շենքը նախագծող հեղինակների հետ: 10-3 «Այլ տարբերակ չեմ տեսնում ու չեմ ընդունում: Պետք է ընդունել մի տարբերակ, որը կմշակվի «Հայնախագիծ» ինստիտուտի անմիջական մացնակցությամբ` որպես հեղինակային ինստիտուտ: Միայն այդ դեքպում կունենանք հետաքրքիր նախագիծ»:

Հիշեցնեմ, որ օդանավակայանի կլոր շենքը նախագծվել է 1974թ., շահագործման հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներ` Թարխանյան, Խաչիկյան, Շեխլյան, Չերքեզյան: Ճարտարապետների միությունում առաջիկայում են ծրագրում լսումների ու քննարկման դնել այս խնդիրը, իսկ Հանրային խորհուրդը խոսք է տալիս լինել վճռական ու սպասելով հետագա արձագանքներին` ներկայացնում իր հերթական եզրակացությունը` մեծապես արժեւորելով կոնցեսիոների` վերջին տարիների ընթացքում օդանավակայանի արդիականացմանն ուղված ջանքերն ու դրական արդյունքները, բայց փաստելով, որ անցած ժամանակամիջոցում պարզ դարձավ, որ օդանավակայանի պահպանման ու օգտագործման խնդիրը վեր է կոնցեսիոների ստեղծագործական խմբի կարողությունների շրջանակից` որոշում ենք` առաջին` «Զվարթնոց» օդանավակայանի հեռանկարային զարգացման` կոնցեսիոների ներկայացրած տարբերակը համարել անընդունելի, եւ երկրորդ` առաջադրել կոնցեսիոներին «Զվարթնոց» օդանավակայանւ պատմաճարտարապետական արժեք հանդիսացող կլոր մասնաշենքի պահպանման ու օգտագործման խնդրի հետագա աշխատանքներին համագործակցության սկզբունքով ներգրավել կառույցի հեղինակ «Հայնախագիծ» ընկերությանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button