Հասարակություն

Կանադահայը, որի երազանքը Արցախում մշտական բնակվելն է

annanazaryan

Վերջին շրջանում Կանադայից  Հայաստան ժամանած  Սեդրակ Կարապետյանը, ով Մոնրեալում  հայկական ռադիոկայան ունի, այցելել էր նաև Հանրային ռադիո ու հիացած պատմում էր Արցախ իր այցի մասին։ Ավելին՝  նա «Ռադիոլուրի» հետ զրույցում անկեղծ խոստովանեց, որ  մտադիր է գալ ու մշտական բնակություն հաստատել  Արցախում:

Առաջին անգամ նա Հայաստան է այցելել 2012 թվականին, ինչը նրա մանկության երազանքներից է եղել, սակայն մինչ հայրենիք այցը իր ռադիոկայանի միջոցով օտարերկրացիներին  էր ծանոթացնում Հայաստանի պատմությանը։ «24 ժամ հաղորդում եմ վարում. օն-լայն երաժշտություն է, այլ հարցերից էլ ենք խոսում, հյուրեր եմ հրավիրում: Չիլիում  են անգամ լսում ու հետաքրքրվում: Այդ երիտասարդը Հայոց պատմությունը ինձնից լավ գիտեր: SOAD-ի երկրպագու էր, երաժշտությունն է պատճառը»,- ասում է Սեդրակը։

Կանադահայ մեր հյուրը բնականաբար խոսեց նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, նշեց, որ յուրաքանչյուր հայ ապրիլի 24-ին իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելի Հայաստան, ներկա գտնվի հիշատակի արարողություններին:

Կանադայից Հայաստան ժամանած  Սեդրակ Կարապետյանը, ում նախնիներն Արևմտյան Հայաստանից են, հողերի վերադարձի մասին է նաև երազում։ «Թուրքիան պետք է ճանաչի ու հետ վերադարձնի մեր հողերը»,- ասում է։

Զրույցում առանձնակի սիրով ու ոգևորությամբ էր խոսում Արցախ կատարած իր այկցի մասին: Նրան  գրավել է և հողը, եւ բնությունը, և մարդկանց անկեղծ ժպիտները, և աներևույթ ինչ-որ բան, որը դժվարացավ բացատրել։ «Այո, Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, բայց բան մը կպակասի: Ինձի համար ավելի շատ կխոսի Արցախը»:

Կանադայում  բնակվող մեր հայրենակիցը, ի դեպ, բավականին լուրջ է տրամադրված Արցախ բնակություն հաստատելու գաղափարին և այժմ փորձում է հասկանալ,  թե ինչպես տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Նա նաև կոչ արեց բոլոր սփյուռքահայերին Հայաստան այցելելիս անպայման լինել Արցախում:

Ցուցադրել ավելի
Back to top button