Հասարակություն

Ինչպե՞ս պաշտպանվել շոգից

lenabadeyan

Որքան օդի ջերմաստիճանը բարձրանում է, այնքան արդիական են դառնում մասնագետների խորհուրդները, թե ինչպես եւ ինչ եղանակներով դիմակայել դրան: Բնակչությունը պետք է վերանայի իր վարքագիծը, սովորույթները, ինչպես ֆիզիկական ակտիվության առումով, այնպես էլ հիգիենայի եւ սննադակրգի առումով:, ասում է ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:

Օդի բարձր ջերմաստիճանի եւ ուժեղ աղտոտվածության առումով ամառվա ամիսներին ապրելու համար ամենաանբարենպաստ պայմաններն են ստեղծվում հատկապես Երեւանում: ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը, սակայն,  ասում է, որ իրավասու չէ պատասխանելու հարցին. արդյո՞ք սա այն եղանակը չէ, որ արգելվի աշխատանքը:

Բացի սրտանոթային եւ շնչառական հիվանդություններ ունեցողներից՝ «ռիսկային» խմբի մեջ են մտնում նաեւ մեծահասակներն ու երեխաները, ովքեր հատկապես պետք է խուսափեն ժամը 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը շատ վտանգավոր է, ասում է Աիդա Պետիկյանը:

Շոգից պաշտպանվելու համար մասնագետների խորհուրդներն անփոփոխ են: Օրվա ընթացքում խմել մինչեւ 3 լիտր հեղուկ՝ հիմնականում սովորական ջրի տեսքով, գազավորված ըմպելիքները բացառվում են, վերանայել սննդակարգը եւ պակասեցնել օգտագործվող կալորիաները, քանի որ շոգին օրգանիզմը դժվար է յուրացնում ճարպերը:

Սնունդը պատահական վայրերից չգնել, անմիջապես տեղավորել սառնարանում, լավ լվանալ հատկապես կանաչին: Տանից դուրս գալուց աշխատել ստվերում գտնվել, հագնել բաց գույնի օդաթափանց հագուստ, կրել ամառային գլխարկ, իսկ  պայուսակում ունենալ հովհար, հովանոց եւ անպայման ջուր:

Սովորականից երկու անգամ ավելի շատ լվանալ ձեռքերը, քանի որ շոգ եղանակները նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների բազմացման համար:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաեւ դեկորատիվ ջրավազաններից օգտվելու խնդրի եւ սենյակներում միկրոկլիմայական պայմաններին:  Վերջին խնդիրն, ըստ մասնագետի, ավելի ճիշտ է լուծել տարածքների օդափոխության միջոցով: Իսկ ընդհանրապես,  հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետը նշում է, որ շոգի հետ կապված հանրապետությունում դեռեւս շատ սուր դեպքեր չեն գրանցվել:

Ցուցադրել ավելի
Back to top button