Հասարակություն

Այս տարի եւս Վարդավառը մեծ շուքով կնշվի Գեղարդում և Գառնիում

sonahakobyan
Ինչպես անյցալ տարի, այս տարի ևս Վարդավառը մեծ շուքով կնշվի Գեղարդում և Գառնիում: Հաշվի առնելով անցյալ տարվա հաջող փորձը՝ Երիտասարդական ակումբների դաշնության նպատակ ունի Վարդավառ միջազգային փառատոնը դարձնել ավանդական: Այսպիսով մենք փորձում ենք աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը և երիտասարդության շրջանում պահպանել ազգային-հոգևոր արժեքները, լրագրողների հետ զրույցում ասել է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը: Փառատոնի ծրագրում ներառված է ինչպես Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այնպես էլ ազգագրական երգի, պարի համույթի թեմատիկ կատարումներ, ազգային ավանդական խաղեր, տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք կներկայացնեն տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները:

 

 

Վարդավառը այն տոներից է, որը ունի թե քրիստոնեական, թե հեթանոսական և թե ազգային  հիմք: Լինելով երիտասարդների տոնը՝ Հայաստանի յուրաքանչյուր շրջանում այն յուրովի է նշվում: Անգամ կան մարզեր, որտեղ վարդավառը նշվում է նույն շուքով ինչպես օրինակ Ամանորը: Խնդիրն այն է, որ շատերը Վարդավառը սխալ են ընկալում և նրանց մոտ հիմնականում այս տոնը ասոցացվում է ջրելու և ջրվելու հետ: Այնինչ վարդավառը շատ ավելի հարուստ տոն է ՝ ավանդական բազմաթիվ խաղերով և նշման եղանակներով: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ամռան այս շրջանում բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը դեռևս անցյալ տարի կազմակերպեց  Վարդավառ միջազգային փառատոնը: Որպես փառատոնի անցկացման վայր ընտրվեցին  հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձանները՝ Գեղարդըև Գառնին: Լինելով կրթական, մշակութային միջոցառում, փառատոնն անց է կացվելու նաև այս տարի, նշեց  Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը:

Փառատոնի համակարգող Հայասա Թահմազյանը նշեց, որ փառատոնը 3 մասից է բաղկացած լինելու։ Առաջին մասը լինելու է Գեղարդի վանքում, որտեղ կլինի երիտասարդության օրհնության և մատաղի օրհնության կարգ: Երկրորդ մասը կանցկացվի Գառնու տաճարում, որտեղ էլ կլինի Վարդավառին նվիրված տաղավարների բացում, ինչպես նաև՝ ազգային երգ, պարի ու խաղերի ներկայացումներ:Եվ վերջապես փառատոնի 3-րդ մասը փառատոնի փակումն է, որի ընթացքում տարբեր համույթների և դերասանների կողմից բեմադրված երաժշտական ներկայացումը յուրովի է պատմելու և ողջ աշխարհին ներկայացնելու Վարդավառ տոնի էությունը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանն էլ  փառատոնում կարևորևորում է մեր ազգային մշակույթը ներկայացնելը և ընդգծում, որ հիմնական շեշտը դրվելու է տոնի քրիստոնեական խորհրդի վրա:

Փառատոնի շրջանակներում հայաստանյան և օտարերկրացի մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցելու նաև Վարդավառ տոնի ավանդական , բայց յուրօրինակ ջրոցի խաղին: Հիշեցնենք, որ տոնն այս տարի նշվում է հուլիսի 12-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button