Քաղաքական

ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը վերահաստատել է ԼՂ-ին օգնության տրամադրումը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ վերահաստատել է Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրելու ծրագիրը:  Ինչպես նշում է Asbarez-ը, ԱՄՆ-ի Հայ դատի հանձնաժողովի նախագահ Քեն Հաչիկյանն այս կապակցությամբ շնորհակալություն է հայտնել սենատոր Քըրքին`ընդգծելով, որ «պաշտոնյան հիանալի աշխատանք է տարել հաջակցություն կենսական նշանակություն ունեցող օգնության ծրագրի շարունակմանը»:

Աղբյուրը մանրամասնում է, որ հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև կարևորել հակամարտության հետևանքով բոլոր տուժածներին շարունակական բնույթ կրող օգնության տրամադրման անհրաժեշտությունը:

Բացի այդ, ԱՄՆ օրենսդիրները կարևորել են Լեռնային Ղարաբաղի տարածքով մեկ` հատկապես ներքին` ոչ սահմանային, ու գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

Նշվում է նաև, որ արտաքին հատկացումների հանձնաժողովն առաջարկել է 20.06 մլն դոլարի տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև 1.7 մլն դոլար` որպես ռազմական օգնություն և ևս 600.000 դոլար` ռազմական մարզումներ անցկացնելու համար: Հայտնի է, որ հարևան Ադրբեջանի ու Վրաստանի համար օրենսդիրներն առաջարկել են որպես տնտեսական օգնություն տրամադրել 8.778 մլն և համապատասխանաբար 54 մլն դոլար:

Ցուցադրել ավելի
Back to top button