Հասարակություն

Միասնական քննություններն ավարտվեցին, հայտնի են նախնական անցողիկ միավորները

sonahakobyan

Քննական շրջանն ավարտվել է և արդեն հայտնի են այս տարվա ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները: ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ առաջին հիմնական փուլի համեմատ 2-րդ փուլի արդյունքները անհամեմատ ցածր են, ըստ այդմ՝ 2-րդ փուլի արդյունքները մրցույթի վրա առաձնապես մեծ ազդեցություն չեն ունենա: Իսկ բոլոր այն դիմորդները, ովքեր մրցույթից դուրս կմնան, իրենց դրական միավորներով հնարավորություն կունենան մասնակցելու նաև քննությունների լրացուցիչ մրցույթին՝ ընդունվելու համար թափուր տեղեր ունեցող ֆակուլտետներ:   

Միասնական քննություններն ավարտվեցին: Միասնական քննությունների 2-րդ փուլին զուգահեռ անցկացվեցին նաև ներբուհական քննությունները: Եվս մի քանի օր և պարզ կդառնան այս տարվա ընդունելության քննությունների անցողիկ միավորները, թեև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում արդեն հրապարակել է այս տարվա ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները:

Մինչ այդ՝ անդրադառնանք միասնական քննությունների 2-րդ փուլի արդյուքներին: ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ 2-րդ փուլի քննություններին մասնակցել է շուրջ 1000 դիմորդ: Ներկայացնելով քննությունների արդյունքներն ըստ տառարկաների՝ Արա Իսպիրյանը նշեց, որ հայոց լեզու և գրականություն առարկայի քննությանը մասնակցել են 324 հոգի, միջին միավորը՝ 9-ն է, անբավարար է ստացել մասնակիցների 44 տոկոսը: Առավելագույն 20 միավոր են ստացել 3 դիմորդ:

Անգլերեն լեզվի քննությանը մասնակցել է 271 դիմորդ, միջին միավորը 10.6 է, անբավարար է ստացել դիմորդների 34 տոկոսը, առավելագույն 20 միավոր՝ 2 հոգի: Գերմաներենի քննությանը մասնակցելէ  9 դիմորդ, միջին միավորը 8.8, անբավարար է ստացել դիմորդների 45 տոկոսը, առավելագույն միավոր ոչ մի դիմորդ չի ստացել: Ֆրանսերենի առարկայից քննություն է հանձնել 7 հոգի, անբավարար է ստացել 28 տոկոսը, միջին միավորը 12: Այս առարկայից ևս 20 միավոր չի գրանցվել: Իտալերենի քննությանը մասնակցել է 1 դիմորդ և ստացել է 17 միավոր:

Մաթեմատիկայի քննությանը մասնակցել է 354 հոգի, միջին միավորը 9.2, անբավարար է ստացել 43 տոկոսը: Առավելագույն 20 միավոր ստացող չի եղել:  Քիմիայի քննությանը մասնակցել է 143 դիմորդ, միջին միավորը 9.8,  անբավարար է ստացել 40 տոկոսը, առավելագույն 20 միավոր՝ 1 հոգի: Համաշխարհային պատմությանը մասնակցել է 3 հոգի, միջին միավորը՝8.3, անբավարար է ստացել մասնակիցների 34 տոկոսը: Եվ վերջապես ֆիզիկայի քննությանը մասնակցել է 151 հոգի, միջին միավորը 7.3, անբավարար է ստացել մասնակիցների 64 տոկոսը և առավելագույն 20 միավոր է ստացել մեկ դիմորդ: Համեմատելով առաջին փուլի արդյուքների հետ՝ Արա Իսպիրյանը նշեց, որ 2-րդ փուլի արդյուքներն անհամեմատ ցածր են:

Ի դեպ՝ բոլոր այն դիմորդները, ովքեր մրցույթից դուրս կմնան, իրենց դրական միավորներով հնարավորություն կունենան մասնակցելու նաև քննությունների լրացուցիչ մրցույթին և ընդունվելու թափուր տեղեր ունեցող ֆակուլտետներ:

Ցուցադրել ավելի
Back to top button