ԿարևորՀասարակություն

Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 14-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:

Օրակարգում  ընդգրկված  են  եղել   կառավարության որոշմամբ հատկացված   լրացուցիչ  և թափուր մնացած  պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաև ընթացիկ մի քանի այլ հարցեր:
Անդրադառնալով պետական պատվերով առկա թափուր և  լրացուցիչ տեղերի  բաշխմանը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը  ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները: Մասնավորապես նախապատվությունը տրվելու է միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում  հաղթական արդյունքներ ունեցող դիմորդներին, արվեստի և մշակույթի բնագավառի, ինչպես նաև մարզային  բուհերին:

ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ՝ ընդառաջելով ԼՂՀ կառավարության  խնդրանքին՝   լրացուցիչ տեղերից 10 տեղ հատկացվել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին: Որոշվել է  հավասար միավորներ ունեցող  դիմորդներին ևս ընդառաջել՝ ապահովելով նրանց  կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում:

Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա ևս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև թափուր մնացած   վճարովի տեղերի վերաբաշխման հարցը:

Անդրադարձ   կատարելով  ընդունելության ցուցակների հրապարակմանը՝  ընդունող հանձնաժողովը արձանագրել է, որ դրանք կհրապարկվեն հուլիսի 14-ին: Հանրապետական ընդունող հանձնաժողովը աշխատանքային կարգով քննարկել է նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button