Քաղաքական

Եվրախորհրդարանը վերանայում է Եվրոպական հարեւանության քաղաքականությունը

Հուլսի 9-ին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (460 կողմ, 61 դեմ և 55 ձեռնպահ) ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը: Բանաձևը շեշտում է, որ վերանայված քաղաքականությունը պետք է լինի առավել ռազմավարական և ճկուն ու հաշվի առնի յուրաքանչյուր տարածաշրջանի մարտահրավերները, միմյանցից տարբերվող ձգտումները և քաղաքական նպատակները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բանաձևը վկայակոչում է 2015թ. մայիսի 22-ին Ռիգայի գագաթաժողովում ընդունված հռչակագրի դրույթները, կոչ է անում գործընկեր երկրներին հասնել հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա:

Եվրոպական խորհրդարանի բանաձևում նաև ընդգծվում է, որ համապարփակ քաղաքական ռազմավարությունը պետք է հաշվի առնի 1975թ. Հելսինկյան ակտի բոլոր դրույթները, այդ թվում` ժողովուրդների հավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Հայտնվում է համոզմունք, որ ԵԱՀԿ-ն, որպես անվտանգության համար պատասխանատու խոշորագույն տարածաշրջանային կազմակերպություն, պետք է շարունակի կարևոր դերակատարություն ունենալ այս առումով:

Հայկական կողմը մշտապես շեշտել է Եվրոպական հարևանության անվտանգությանը վերաբերող դրույթներում ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիշատակման կարևորությունը: Եվրոպական խորհրդարանն այս բանաձևով որդեգրել է հավասարակշռված մոտեցում հակամարտությունների կարգավորման հարցում և մասնավորապես քվեարկությամբ մերժել է բանաձևի վերջնական տեքստում ներառել նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված Կիրիլովի զեկույցի վրա նախագծում կատարված հղումը:

Ցուցադրել ավելի
Back to top button