ԿարևորՔաղաքական

Դ. Մեդվեդեւ. Մոսկվայում ուշադրությամբ հետեւում են Հայաստանի զարգացումներին (լրացված)

լրացվել է ժամը 19։17- ին

Մոսկվայում «ուշադրությամբ հետեւում են» Հայաստանում զարգացող իրավիճակին, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր Հայաստանի իր պաշտոնակցի՝ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ռուսաստանի կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ հանրապետությունում «թեժ ժամանակ» էր։

Կցանկանային լսել Ձեր կարծիքը, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Ձեր երկրում, քանի որ վերջին ժամանակները թեժ էր»,- Հովիկ Աբրահամյանին դիմելով ասել է Մեդվեդեւը։

Հայաստանում էլ.էներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները սկսվեցին հունիսի 17- ից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց 17 տոկոսով թանկացնել հոսանքի սակագինը։

Իր հերթին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է հաղորդագրություն հանդիպման մասին, որտեղ նշված է, որ «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված  հարցերի լայն շրջանակ:  Երկուստեք կարևորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը  և նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները: Անդրադարձ  է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին: Վարչապետները քննարկել են  նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկու երկրների վարչապետները կարևոր են համարել  Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը»։

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերը «քննարկել են  նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը»: Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդեւը «պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն  առնչվող հարցերն ու ծրագրերը:Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի  հետագա ամրապնդման  ու զարգացման  հնարավորություններին առնչվող  բազմաթիվ հարցեր»։

Ցուցադրել ավելի
Back to top button