Ցեղասպանություն 100Քաղաքական

Գիտաժողով՝ նվիրված ցեղասպանությունների խնդրին

alisagevorgyan

Երևանում մեկնարկել է  «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրով Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովը, որի բացմանը մասնակցել է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ գիտաժողովը նվիրված է ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այլև ցեղասպանությունների խնդրին ընդհանրապես: Գիտաժողովին մասնակցում են մոտ 130 ցեղասպանագետներ աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներից:

 

 

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության պատվիրակությունն այս օրերին Հայաստանում է՝ մասնակցելու  հուլիսի 8-12-ը Երևանում անցկացվող «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրով գիտաժողովին: Գիտաժողովի քննարկման առարկան ՝ մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործությունն է՝ ցեղասպանությունը: «Ցավոք, մենք այսօր էլ ականատեսն ենք դառնում ցեղասպանական գործողությունների, այլատյացության քարոզչության, ֆաշիստական գաղափարախոսության առաջմղմանը: Դա հուշում է մեզ, որ միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները»,-համաժողովի բացմանը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հաճախ ցեղասպանության մասին խոսելիս ոմանք օգտագործում են «ողբերգություն» ձևակերպումը: Բայց անհրաժեշտ եմ համարում, որ մշտապես օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»:

Եվ հաշվի առնելով այդ հանցագործության բազմաշերտ բնույթը, չափազանց կարևոր է, որ դրա բնորոշման, կանխարգելման, դադարեցման, դատապարտման, դրա համար պատժի կիրառման գործընթացը լինի բազմակողմանիորեն հիմնավորված, և այդ հիմնավորվածությունը կառուցված լինի գիտական հենքի վրա:

Դրանով է կարևորվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության այս հարթակը: Դուք մասնագիտորեն եք զբաղվում մարդկության առջև ծառացած այդ դժոխային երևույթով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում սույն թվականի ապրիլին Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումը, որի մասնակիցները հանդես էին եկել առաջարկով, որպեսզի Հյաստանը ստանձնի առաջնորդի դերակատարում՝ պարբերական բնույթ հաղորդելով այդ համաժողովին: Անդրադառնալով ամիսներ առաջ հնչած առաջարկին՝ Սերժ Սարգսյանը նշեց.

«Անցկացնելով անհրաժեշտ քննարկումներ՝ մենք ընդունել ենք այդ առաջարկը և նախատեսում ենք համաժողովն անցկացնել երկու տարին մեկ անգամ` սկսված 2016 թվականից: Մենք համարեցինք, որ արդյունավետ կլինի գլոբալ ֆորումը հաջորդի այն տարիներին, երբ անցկացվում են ձեր ընկերակցության համաժողովները և դառնա նաև ձեր կառույցի համար նոր հարթակ` տարածելու ձեր փորձը և գիտելիքները ավելի լայն շրջանակների ներգրավմամբ: Ես պաշտոնապես առաջարկում եմ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը դառնալ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի համահիմնադիր, կազմակերպիչ և մշտական մասնակից»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը խորհրդանշական համարեց, որ համաժողովը  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին անցկացվում է հենց Երեւանում: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը, որպես համաժողովը հյուրընկալող կազմակերպություն, ընտրվել է մրցութային կարգով: Հաշվի են առնվել ներկայացված  զեկույցները, դրանց բովանդակությունն եւ համաժողովի անցկացմանն առնչվող մի շարք սկզբունքներ:

Հավելենք, որ Երևանում անցկացվող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն իր 12-րդ գիտաժողովին ընտրեց նոր նախագահ՝ Էնդրի Յուլֆրիդին:  Կանադայի համալսարաններից մեկում նա ղեկավարում է սոցիոլոգիայի բաժնինը։

Ցուցադրել ավելի
Back to top button