Հասարակություն

Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան և այնտեղ հանդես եկել ելույթով: Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ելույթում նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և պատասխանել բարձրացված հարցերին:
Նախագահն ընդգծել է, որ Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաև հանդիսանում է ժողովրդավարության  ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկը:

Բակո Սահակյանի բնութագրմամբ՝ Արցախը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացման, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացման մեջ: Երկրի ղեկավարի խոսքով՝ նման լավատեսությունն առաջին հերթին պայմանավորված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի և հայ ժողովրդի անկեղծ ու հավատարիմ բարեկամների առկայությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ցուցադրել ավելի
Back to top button