ԿարևորՏնտեսական

Շուրջ երեսուն րոպե և երեք տասնյակ նախագծեր. կառավարութան այսօրվա նիստում

hasmikdilanyan

Կառավարության անդամներն այսօր շատ արագ քննարկել  են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: Մինչ գործադիրում հերթական նիստն է ընթացել, 33-րդ թաղամասի անտուն մնացած բնակիչները վաղ առավոտից նախ ակցիա են կազմակերպել կառավարության շենքի մոտ, հետո արդեն իրենց հարցին լուծում տալու համար դիմել են ծայրահեղ քայլի՝ փակելով Տիգրան Մեծ- Նալբանդյան խաչմերուկը:  Ոստիկանները շատ արագ բացել են փողոցը, սակայն Ֆիրդուսի թաղամասի բնակիչները նստացույց են կազմակերպել կառավարության շենքի առջև: Նրանք  ցանկացել են հանդիպել հանրապետության վարչապետի հետ: Կառավարության ղեկավարը նրանց ընդառաջել է՝ պատրաստ լինելով ընդունելով հինգ  բնակչի: Վերջիններս, սակայն, կառավարության շենք չեն մտել: Բնակիչները պահանջել են հանդիպում լրագրողների ներկայությամբ ու բոլորի հետ: Շուրջ երկու ժամ հետո քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն է  հանդիպել 33-րդ թաղամասի բնակիչների հետ և հայտարարել, որ երկուշաբթի երեկոյան  ՀՀ վարչապետը  կհանդիպի  բնակիչներից 30 հոգու հետ:

Բնակֆոնդի պահպանության հարցեր, 15 տարի առաջ վարձակալության տված գյուղտեխնիկան գյուղացիներին անվճար նրանց տրամադրելու առաջարկներ: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված հարցերը հանրային կյանքի բոլոր ոլորտներին էին վերաբերում: Նախ՝ օրենսդրության տառին համապատասխան՝ կառավարությունը հաստատեց   2016-2018թթ միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Այստեղ կանխատեսվում է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում ամրագրվող  ցուցանիշերը:

2016թ պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում  է մեկ տրիլիոն 211 մլրդ դրամ, կամ ՀՆԱ-ի շուրջ  24 տոկոսը: Ի  դեպ՝ եկամտային մասն   այս տարվա ցուցանիշից ավելի  է  կանխատեսվել 19 մլրդ 8 միլիոն դրամով: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ եկամտային մասի  ավելացումը հարկային հավաքագրումների ավելացմամբ է  պայմանավորված: 2017թ եկամուտները ավելին կլինի  95 մլրդ մեկ միլիոն դրամով: 2018թ 11 մլրդ դրամով ավելի է  նախատեսված՝ քան 2017թ կլինի:

Տարեցտարի ՝ մինչև 2018թ, ավելացում է  կանխատեսվել նաև բյուջեի  ծախսային մասում ,  կրճատումներ՝ դեֆիցիտում:  Ծախսային մասի ավելացումները նույնպես հանրապետության գլխավոր ֆինանսիստը հարկային հավաքագրումների ավելացմամբ է պայմանավորում, ինչպես նաև՝ որոշ ծախսերի գծով՝ կրճատմամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ ՄԾԾ  նախագիծը քննարկվել է,առաջարկությունների մի մասը ընդունվել է, մյուս մասն էլ  կքննարկվի բյուջեի ներկայացման ժամանակ:

ԱԺ մի  խումբ պատգամավորներ կառավարությանն են դիմել ու առաջարկել   «Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների և տույժերի մասին»  ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ կատարել ու հարկային արտոնություններ տրամադրել:  Կառավարությունը դեմ է  ոչ միայն  այս նախագծին, այլ ընդհանրապես հարկային արտոնությունների գաղափարին:  «Կարծում եմ, որ մենք պիտի դեմ լինենք նման առաջարկների»,- պարզաբանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նա հանձնարարեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին` «հասկանալ հարցի գինը»: «Դա մեր բյուջեն չէ, համայնքների բյուջեն է, եթե փորձում ենք արտոնություններ տալ ու վնասել համայնքների բյուջեն։ Դա ընդունելի չէ, դրա մասին առավոտյան ասել եմ նաև նախաձեռնողներին»,- ասաց վարչապետը։

Բնակֆոնդի պահպանման  հարցը նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանձնարարական ստացավ  խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի   ներկայացրած նախագծով առաջարկվում էր   2001 թվականից ճապոնական դրամաշնորհով գյուղացիներին տրամադրած գյուղտեխնիակն կամ յուրաքանչյուրը 400 հազար դրամով վաճառել նրանց, կամ էլ՝ աճուրդ հայտարարել:

Հովիկ Աբրահամյանի առաջարկը այլ էր՝  հարցը պետք է հետաձգել մինչև նոյեմբեր՝ նորից այն քննարկելու համար: «Ավելի ճիշտ կլինի այն նվիրենք գյուղացիներին ավարտենք։ Տասնհինգ տարի օգտագործում են հետո պետք  է վերցնենք դնենք աճուրդի՞, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա և նորից կրկնեց, որ լրացուցիչ քննարկելու անհրաժեշտություն կա, քանի որ անիմաստ է համարում այդքան տարի հետո հետ վերցնել տեխնիկան ու դնել աճուրդի:

Մինչ գործադիրում հերթական նիստն էր ընթանում, 33-րդ թաղամասի անտուն մնացած բնակիչները վաղ առավոտից նախ ակցիա էին  կազմակերպել կառավարության շենքի մոտ, հետո արդեն իրենց հարցին լուծում տալու համար դիմեցին ծայրահեղ քայլի՝ փակելով Տիգրան Մեծ- Նալբանդյան խաչմերուկը: Ոստիկանները շատ արագ բացեցին փողոցը, սակայն Ֆիրդուսի թաղամասի բնակիչները նստացույց  կազմակերպեցին կառավարության շենքի առջև: Նրանք  ցանկանում էին  հանդիպել հանրապետության վարչապետի հետ:

Բնակիչների պահանջը կառավարություն հասավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի օգնությամբ: Հետո արդեն վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը 33-րդ թաղամասի բանկիչներին տեղեկացրեց,որ վարչապետը հինգ հոգու կարող է ընդունել: Բնակիչները, սակայն, հրաժարվեցին հանդիպումից , Դավթյանն ասաց, որ տասը հոգի կարող են հանդիպել կառավարության ղեավարի հետ: Նրանք հանդիպում էին պահանջում ամբողջ կազմով ու լրագրողների ներկայությամբ :

Շուրջ երկու ժամ հետո քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը դուրս եկավ  կառավարության շենքից, հայտարարեց, որ երկուշաբթի երեկոյան  ՀՀ վարչապետը  կհանդիպի  33-րդ թաղամասի բնակիչների  հետ: Իսկ նախարարն  անձամբ պատրաստ է հանդիպել բնակիչների հետ այսօր:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button