Տնտեսական

Նախագահը ներկա է գտնվել «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի լոգիստիկ կենտրոնի բացման արարողությանը

alisagevorgyan
Երևանում այսուհետ կգործի կովկասյան տարածաշրջանում ամենամեծ լոգիստիկ կենտրոնը: Երևանի Շենգավիթ համայնքում կառուցված «Ուրբան լոգիստիկ սերվիսիս» համալիրի պաշոնական բացմանը մասնակցել է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջազգային թիմի մասնակցությամբ  ակտիվ շինարարական աշխատանքների արդյունքում  2015 թվականի  սկզբին տրվեց «Ուրբան լոգիստիկ սերվիսիս» ընկերության ՝ Կովկասում առաջին և միակ, լիարժեք ենթակառուցվածքներով համալրված, ժամանակակից  A դասի պահեստային համալիրի աշխատանքների մեկնարկը: Հուլիսի յոթին տեղի ունեցավ ընկերության պաշտոնական բացումը հանրապետության նախագահի մասնակցությամբ: Շրջայցի ընթացքում նախագահին ներկայացվեցին շուրջ 7 հա ընդհանուր մակերեսով պահեստային համալիրը՝ ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներով եւ եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով, որոնք համապատասխանում են անվտանգության ու պահպանման պայմանների ապահովման միջազգային չափանիշներին:

Նորաբաց լոգիստիկ կենտրոնի տնօրեն Վահե Պետրոսյանի վստահեցմամբ նախագծի մեկնարկը Հայաստանի տնտեսության համար խոշոր իրադարձություն է, որը կնպաստի Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու միջազգային ինտեգրմանը: Սա լուրջ աջակցություն է մասնավորապես հայրենական արտադրողներին՝ ծախսերը կրճատելու և սեփական միջոցները պահեստային գործառնություններից դեպի արտադրական և առևտրային ենթակառուցվածքներ ուղղելու համար:

«Ուրբան լոգիստիկ սերվիսիս» պահեստային համալիրը բաղկացած է 45 հազար պալետատեղ հզորությամբ  կենտրոնական պահեստից, 5000 քմ ընդհանուր մակերեսով  վարձով տրվող թվով 15 պահեստային տարածքներից, 4500 խմ տարողությամբ թվով 9 սառնարանային պահեստներից և 1200 քմ մակերեսով գրասենյակային տարածքից: Ընկերությունն արդեն սպասարկում է ավելի քան 100 հայկական և միջազգային ընկերությունների մատուցելով մի շարք ծառայություններ, այդ թվում՝ բեռների պահատվություն, պահեստային մշակման բոլոր տեսակները, փաթեթավորում, առաքում հասցեներով և այլն:

Ըստ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ մեզանում ձևավորվում է միանգամայն այլ մշակույթ: Ապրանքները Հայաստանից այսուհետ կարտահանվեն այլ կարգավիճակով: «Ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածք ունենալը չափազանց կարևորվում է տարածաշրջանային համագործակցության ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը ապահովելու համար»,-ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով նորաբաց ընկերությանը, Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ժամանակակից պահեստային ծառայություններ մատուցող բարձրակարգ լոգիստիկ կենտրոնն իր դռներն է բացում տեղական և օտարեկրյա շուրջ 500 կազմակերպությունների առաջ: Ինչպես արդեն նշվեց, կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների որակն արդեն իսկ գնահատել են 100-ից ավելի հայրենական և միջազգային ընկերություններ:

«Կասկած չի հարուցում, որ համալիրը կարճ ժամանակահատվածում կհասնի նախատեսված հզորությունների լիարժեք գործարկմանը՝ արդեն իսկ ստեղծված 70 աշխատատեղին ավելացնելով ևս 230-ը»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button