ԿարևորՏնտեսական

ՀԷՑ-ը տուգանվեց 60 միլիոն դրամով (լրացված)

lianaeghiazaryan
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ով կանցկացնի աուդիտ, երբվանից ու ինչքան ժամանակով, դեռ հայտնի չէ, քննարկվում է: Բայց ՀԷՑ-ի աշխատանքների մեթոդաբանության մեջ օգոստոսի 1-ից փոփոխություններ կլինեն. տեխնոլոգիական կորուստները կհաշվարկի մեկ այլ ընկերություն` «Հաշվարկային կենտրոնը»: ՀԷՑ-ն այս մոտեցմանը համաձայն չէ, համաձայն չէ նաեւ շուրջ 2 տասնյակ վարույթներով իր հանդեպ կիրառված ընդհանուր առմամբ 60 մլն դրամ տուգանքի նշանակման որոշման հետ: Այդուհանդերձ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում այսօր միաձայն կողմ է քվեարկել այս որոշումների կայացմանը, իսկ հանձնաժողովի նախագահ ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ էլցանցերը տարիներ շարունակ պատշաճ ծառայություն չի մատուցել քաղաքացիներին, ավելին` անօրինաբար հսկա գումարներ է պահանջել հոսանքի անցկացման համար: 

2 ժամ տեւած նիստ, 21 օրակարգային հարց եւ 60 մլն դրամի տուգանք Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նկատմամբ`քաղաքացիների հանդեպ իր ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու համար: Խոսքը տարիներ շարունակ էլեկտրաէներգիայի միացման` քաղաքացիների դիմումները չբավարարելու մասին է: ՀԷՑ-ը ոչ միայն միացումներ չի կատարել, այլեւ օրենսդրության խայտառակ խախտում է թույլ տվել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ նազարյանը: Ընկերությունը կամայականորեն սկսել է կիրառել հոսանքի անցկացման վճարման նոր մեթոդաբանություն, բացի օրենքով սահմանված վճարից` քաղաքացիներին առաջարկել է վճարել եւս շուրջ 5.4 մլն դրամ միացման համար անհրաժեշտ գումարը` պատճառաբանությամբ, թե ընկերութոյան ֆինանսական վիճակը ծանր է ու թե իրենք հետո 5 տարվա ընթացքում դա կհաշվարկեն որպես սպառած էլեկտրաէներգիայի վճար: Նազարյանը տարակուսեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի մեկնաբանությունից, թե դա որպես ավանս են պահանջել: Սա անհիմն պատճառաբանություն է, ասաց, հակաօրինական:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անհիմն համարեց նաեւ ՀԷՑ-ի իրավաբանների անընդմեջ միջնորդությունները` հետաձգելու իրենց հանդեպ շուրջ 2 տասնյակ վարույթներով տուգանքների կիրառման հարցը: «2 անգամ վարույթի ժամկետը երկարաձգվել է, 1.5 ամիս ժամանակ եք ունեցել ներկայացնելու ձեր փաստարկները հիմնավորող փաստաթղթեր, բարի լինեիք ժամանակին արձագանքել թե քաղաքացիների խնդիրներին, թե հանձնաժողովի կողմից պարբերաբար բարձրացվող հարցերին, այժմ ինչ անում եք` մեղմ ասած դեմագոգիա է», ՀԷՑ-ի իրավաբաններին արձագանքեց Նազարյանը: «Տարիներ շարունակ քաղաքացիներին էլեկտրաէներգիայի մատակարարման դիմումները բավարարեիք, ոչ թե նրանց դիմում-բողոքներով հարուցված վարույթին անդրադառնայիք միայն երեկ: Հարցեր ունեք, իրավական դաշտում փորձեք լուծել»,-ավելացրեց հանձնաժողովի ներկայացուցիչ Սամվել Արաբաջյանը: 

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նիստի ողջ ընթացքում ներկա էր, ակնհայտորեն լարված, թարգմանությունն էլ որոշակի խնդիրներով էր կատարվում, խոսում էր` մոռանալով թույլ տալ, որ հայերեն թարգմանեն: Բիբինը մի քանի անգամ արձագանքեց նիստի ժամանակ, հայտարարեց, թե դեմ է հանձնաժողովի որոշմանը, որի համաձայն` իր ղեկավարած ընկերությունում տեխնոլոգիական կորուստներն օգոստոսի մեկից պետք է հաշվարկի մեկ այլ ընկերություն` «Հաշվարկային կենտրոնը», ասաց` իրենք գերադասում են տեխնիկական կորուստներն իրենք հաշվեն, արդյունքները տան փորձաքննության, ընդ որում` ոչ թե օգոստոսի, այլ հոկտեմբերի մեկից: Հանձնաժողովը, սակայն, չփոխեց իր դիրքորոշումը ոչ  նոր մեթոդաբանության, ոչ ժամկետերի առումով, բայց շեշտվեց` ՀԷՑ-ի առաջարկներն այս առումով կքննարկվեն, բայց սա մանրակրկիտ հետազոտություն է պահանջում, ուստի նաեւ` երկար ժամանակ: ՀԷՑ-ն այս տարի պարտավորվում է 8.5 մլրդ դրամի ներդրում կատարել: Հանձնաժողովը հաստատեց ներդրումային ծրագիրը, որը ենթադրում է, մասնավորապես, հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշերի պահպանում, նոր ենթակայաններ, հաշվիչների փոփոխություն: Բիբինի «կես տարի է մնացել, դժվար կլինի այսքանը հասցնել» դիտարկմանը Ռոբերտ Նազարյանն արձագանքեց` մեր մեղքը չէ, ձերն է, դուք եք խնդրել հավելյալ ժամանակ տալ:

ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը վերջին ժամանակներս հասցրեց աչքի ընկնել իր պահվածքով` էներգիայի սակագնին առնչվող խորհրդարանական լսումներին չներկայանալով, լրագրողների հարցերից խուսափելով, ապա ՀԷՑ-ին ուղղված նամակ-գրությամբ, որը լայն շրջանակներում ընկալվեց ու մեկնաբանվեց որպես սպառնալիք, քանի որ Բիբինը նշել էր, թե իրենք անգամ բարձրացված սակագնով չեն երաշխավորում անխափան եւ որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը: ՀԷՑ-ի ռուսական ղեկավարությունը մեկ այլ գրությամբ էլ հայտարարել էր, թե ընկերությունում ստեղծված վիճակի պատասխանատուն հայկական կողմն է: Բիբինն այսօրվա նիստից հետո էլ հրաժարվեց պատասխանել լրագրողների որեւէ հարցի, չնայած խոստացել էր, ապա իրեն շրջապատած լրագրողներից խույս տալով բառացիորեն վազքով դուրս եկավ շենքից` հարցերի պատասխանները թողնելով իրենց մամլո խոսնակին:

Նատալյա Սարջանյանն էլ հակիրճ եղավ` չհաստատեց ոչ ՀԷՑ-ի վաճառքի, ոչ սնանկացման, ոչ բաժնետերերի փոփոխության մասին լուրերը: Արդյոք էլցանցերի նկատմամբ կիրառվող 60 մլն դրամի տուգանքը, էլ ավելի ծանրացնելով ընկերության ֆինանսական վիճակը, չի անդրադառնա հոսանքի սակագնի վրա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման եւ մոնիթորինգի վարչության պետ Արգամ Բուդաղյանը հայտարարեց, որ սրանք համադրելի հարցեր չեն, սա սակագնի հետ առնչություն չունի: Իսկ ինչու հենց հիմա հիշեցին ՀԷՑ-ի` տարիներով շարունակված ապօրինության մասին: Բուդաղյանը փորձեց բացատրել` հիմա են բողոքները շատացել:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button