ԿարևորՔաղաքական

Զալբերը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ՄԽ գործընթացին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա հնարավոր ջանքերին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառությունը: Նախագահը Սարգսյանը կարևորել է մայիսի 21-22-ին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին, ներառյալ` այդ երկրների նախագահների մակարդակով 2009թ-ից ի վեր արված հայտարարություններին:

Հերբերտ Զալբերն ընդգծել է, որ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները, իրավամբ, արդար էին և միանգամայն համարժեք իրավիճակին:

Նա վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին, շեշտելով, որ այդ ձևաչափի պահպանման հարցում ԵՄ դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Ցուցադրել ավելի
Back to top button