Տնտեսական

Արմավիրի մարզում սկսվել է հացահատիկի հունձը

satikisahakyan
Արմավիրի մարզում  սկսվել է հացահատիկի հունձը: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը 43-45 ցենտներ է, առանձին հողակտորներում ստացվել է ավելի բարձր բերք՝ մինչև 72ցենտներ: Գյուղացիները դժգոհում են ցորենի մթերման ցածր գնից՝ մեկ կիլոգրամը ընդունվում է 100 դրամով, մինչդեռ անցած տարի գինն ավելի բարձր էր՝ 130-140դրամ: Արմավիրի մարզում հացահատիկի ցանքսը կատարվել է 5390 հա-ի վրա:

 

 

Թեպետ Արմավիրի մարզում նպատակահարմար չէ ցորենի մշակությունը, այնուամենայնիվ հանապազօրյա հացի խնդրի լուծմամբ ու սեփական ալյուրն ունենալու նպատակով գյուղացիական տնտեսությունների մի մասը չի հրաժարվում հացահատիկի մշակությունից: Բացի այդ հացահատիկի մշակությամբ գյուղացիները կատարում են հողի ցանքաշրջանառություն, որպեսզի բանջարբոստանային մշակաբույսերի  համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն: Մարզում աշնանը  5390 հա-ի վրա հացահատիկի ցանքս է կատարվել և երկու շաբաթ առաջ սկսվել է  բերքահավաքը: Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի հացահատիկի ցանքատարածքներից ավելի քիչ բերք են ստացել, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 43-45 ցենտներ է:

Մրգաշատում հացահատիկի ցանքատարածքերը շուրջ 175 հեկտար է, բարձր վերարտադրողականության սերմացուն ստացել են կառավարությունից ՝ բերքահավաքի ընթացքում 1:2 հարաբերությամբ վերադարձնելու պայմանով, գյուղացիների մի մասն էլ 2-րդ և 3-րդ վերարտադրողականության սերմեր են ցանել, որոնք պահել են իրենց ստացված բերքից: Այս տարի ցորենի մթերման գինը նախորդ տարվա համեմատությամբ ցածր է, ինչից էլ դժգոհում են գյուղացիները: Մրգաշատ գյուղից Թաթուլ Սողոմոնյանը ցանքաշրջանառության նպատակով 2.5 հա-ի վրա  արդեն երկրորդ տարին ցորեն է ցանել և ստացել է մինչև 5 տոննա բերք, սակայն ցորենը մթերելու  է 100 դրամով, որը ձեռնտու չէ հողագործին. «Առնվազն 14-15 դրամ պետք է լինի ցորենի գինը, որ մենք էլ օգուտ ստանանք»:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր մտահոգությունը հայտնեց հացահատիկի մթերման ցածր գնի հետ կապված և նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Բաղրամյանի հացահատիկի կոմբինատի հետ՝ հացահատիկի փորձանմուշից հետո չափանիշերին համապատասխանելու դեպքում ցորենը մթերել 120 դրամով:

Լուկաշին գյուղում համեմատաբար քիչ են հացահատիկի ցանքատարածքները՝ 85 հա: Համլետ Մկրտչյանի ցորենի ցանքատարածությունը 6000քմ է, որից ակնկալում է ստանալ մոտ 3 տոննա  հացահատիկ, սակայն այս տարի ցորենի հասկերը քամիների ու անձրևների հետևանքով թեքվել են: Ցորենի հասկերի թեքվածությունը դժվարացնում է կոմբայնի քաղի աշխատանքը: Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղից կոմբայնավար Համլետ Ավդալյանը կոմբայնով կրկնակի պտույտ է կատարում թեքված  արտը հնձելու համար, մեկ հեկտարը հնձում է 30000-35000 դրամով. «Իմ տանջանքի դիմաց ավելի քիչ եմ գումար վերցնում, քանի որ արդեն մի քանի տարի գյուղապետի խնդրանքով գալիս եմ Լուկաշին»:

Արմավիրի մարզում ցորենի բերքահավաքին աշխատում է 95 կոմբայն, որից 46-ն  մարզից է, մնացածը բերվում են լեռնային շրջաններից: Քաղը դեռ կշարունակվի մինչև հուլիս ամցվա վերջին:

Back to top button