ՀասարակությունՑեղասպանություն 100

20- րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծությունը՝ երեւանյան գիտաողովի թեման

aidaavetisyan

2015 թվականի հուլիսի 8- 12-ը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհյուրընկալի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության « 20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրով 12-րդ գիտաժողովը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության  100-րդ և  Հոլոքոստի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակները: Գիտաժողովին մասնակցելու են երեք տասնյակ երկրներից մոտ  130 ցեղասպանագետներ։

1994 թվականին ձևավորված Ցեղասպանագետների միջազգային  ընկերակցությունը վաղն առաջին անգամ  կհյուրընկալվի Երևանում: Երկու տարին մեկ իր համաժողովները կազմակերպող  ընկերակցությունը  հնգօրյա գիտաժողով կկազմակերպի Երևանում:  Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ  Հայկ Դեմոյանը  կարևորում է ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող կառույցի  երևանյան համաժողովն ու նշում՝ մեծ և  ներկայացուցչական գիտաժողով է լինելու:

Հայաստան են ժամանելու հարյուրավոր  հեղինակավոր  գիտնականներ և երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունն այս գիտաժողովին լավ հնարավորություն է ընձեռելու Հայոց ցեղասպանության և դրա  հետևանքների մասին ավելի խորքային  պատկերացումներ կազմելու համար:

20- րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծությունները խորագրով  Ցեղասպանագետների  միջազգային ընկերակցության  երևանյան համաժողովին  մասնակից երկրների աշխարհագրությունը մեծ է՝ Ավստրալիայից մինչև Ճապոնիա, Արգենտինայից ու Բրազիլիայից մինչև  Բանգլադեշ…

Հայկ Դեմոյանի խոսքով՝  մեծաքանակ  դիմում-հայտերից գիտաժողովին ներկայացնելու համար  ընտրվել է 130-ը:   Գիտնականների ուսումնասիրությունների կենտրոնում են եղել  տարբեր ցեղասպանությունների  նմանություններն ու տարբերությունները:

Ցեղասպանագետ Փիթեր Բալաքյանն էլ իր հերթին կարևորեց և՛ ցեղասպանագետների  երևանյան համաժողովը, և՛ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվելու է համեմատական վերլուծության շրջանակներում: «Մենք կարևորում  ենք գիտակ ցեղասպանագետների մասնակցությամբ ցեղասպանությունների ուսումնասիրությունների վերաբերյալ համապարփակ մոտեցումը: Պատմությունը թեև լայն տեղեկություն է տալիս Հայոց ցեղասպանության մասին, սակայն  այն  պետք է համեմատել  այլ ցեղասպանությունների հետ ևս»:

Իսկ գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Դոննա Լի Ֆրիզն էլ վստահ է, որ բարձր մակարդակի համաժողով է սպասվում և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում  տարբեր երկրների  մասնակցությամբ նման միջոցառումները կարող են ունենալ մեծ ազդեցություն:

Ցուցադրել ավելի
Back to top button