Վերլուծական

Էլ.էներգիայի թանկացման դեմ շարժումը նոր փուլ է տեղափոխվել

lusinevasilyan

Բաղրամյան պողոտան ի վերջո մի օր բացվելու էր, այսօր ասել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ՝անդրադառնալով երեկ տեղի ունեցած իրադարձություններին,  վերջին երկու շաբաթներին Երևանում  ծավալված   շարժման արդյունքներին:  Սաֆարյանը շարժման այս փուլը ճգնաժամային է որակել, բայց նաև նշել, որ սա շարժումը թերագնահատելու առիթ չի տալիս:  Սաֆարյանը կարծում է, որ շարժումը հաջորդ փուլ է տեղափոխվել. խնդիրն արդեն Հայկական էլեկտրացանցերում սպասվող աուդիտի ընթացքը վերահսկելն է։

Այն, որ էլեկտրաէներգիայի սակագինը կասեցված չէ, չի նշանակում, թե այդ պահանջով Երևանում ավելի քան երկու շաբաթ շարունակվող բողոքի ակցիան անարդյունք էր: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը չի կիսում այս հարցում հոռետեսական գնահատականներ ունեցողների  մոտեցումները և շարժումը լուրջ երևույթ է որակում:

«Սա շատ կարևոր էր  թմբիրի մեջ գտնվող հասարակությանն արթնացնելու, քաղաքացիական ակտիվիզմի համար: Նաև այն առումով, որ իշխանությունը, ի  վերջո, ստիպված եղավ հետքայլ անել  և իր դիրքորոշումը վերանայելու պահի առջև կանգնել: Այնպես որ, եթե կասեցման որոշումը եթե չկա, սա չի նշանակում, թե շարժումը որևէ  արդյունք ու նշանակություն չի ունեցել»,- ասում է:

Հայկական էլեկտրացանցերում աուդիտ անցկացնելու  հարցում թերահավատությունը, Սաֆարյանի կարծիքով, հիմքեր ունի: Նկատի ունենալով հանգամանքը, որ ընկերությունում նախորդ տարիներին էլ  աուդիտներ անցկացվել են,  չի բացառվում, որ այս աուդիտն էլ նոր բան չի հայտնաբերի: Սաֆարյանը կարծում է, որ այս փուլում  հասարակության, մասնագիտական խմբերի, նաև շարժման խնդիրն է ձևակերպել , թե ինչ աուդիտ է պահանջվում, ինչ պայմաններով է այն անցկացվելու, որ  հարցերի պատասխաններն են ակնկալվում:

«Իհարկե , ես այս խնդիրը չեմ ուզում թողնել երիտասարդների վրա, նրանք մասնագետներ չեն, բայց կարծում եմ, որ ի հայտ է եկել հաջորդ խնդիրը, որին պետք է մասնակցենք ինչ- որ բան փոխելու նապատակով, հակառակ դեպքում՝ անընդհատ բախվելու ենք նույն խնդիրներին»:

Սաֆարյանն ասում է՝ մասնակցության հարթակ է ձևավորվել,  և աուդիտի արդյունքները կախված են լինելու  մասնակցության ձևից ու որակից : Թե ինչպես է պատկերացնում այդ մասնակցությունն այսպես է բացատրում. «Ամեն ինչ կարևոր է, սկսած լրատվամիջոցներից, որոնք պետք է ապահովեն թափանցիկությունը, վերջացրած մասնագետներով, որոնք պետք է թույլ չտան, որ կողմերի միջև փոխընդունելի կոնսենսուս ձևավորվի և  արդյունքում տուժի հասարակությունը: Եթե սրան զուգահեռ էլ երիտասրադները պահեն փողոցային ճնշումը, արդյունք կլինի»:

Ի դեպ, վերլուծաբանը կարևոր է համարում նաև ՀԷՑ-ի տնօրենի Հայաստան վերադառնալու մասին լուրը:  Կարծում է, որ Բիբինի վերադարձը նոր ու  լարված զարգացումներ է խոստանում: Այն, համենայն դեպս, հաջորդում է փոխադարձ  մեղադրանքների փուլին: Սաֆարյանն անգամ կապ է տեսնում  նույն օրը Բաղրամյան պողոտան բացելու և վարադարձի մասին լուրը հայտնելու միջև: Ասում է՝ ականատեսն ենք հայ-ռուսական յուրօրինակ երկխոսության՝ իրադարձությունների լեզվով:

Ցուցադրել ավելի
Back to top button