Մշակույթ

Ավելի մեծ հիմարություն մտածել չի կարելի. Կազարնովսկայան Բաքվի «սեւ ցուցակի» մասին

Ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում» Լեռնային Ղարաբաղ այցից հետո։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը նախօրեին հայտարարել է, որ «Լյուբով Կազարնովսկայան խախտել է «Ադրբեջանին պետական սահմանի մասին» օրենքը» եւ «օպերային երգչուհու անունը ընդգրկվել է Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում»։

Երգչուհին ի պատասխան նշել է, որ անցանկալի անձանց ցուցակում իր անունը մտցնելուց ավելի մեծ հիմարություն մտածել չի կարելի։ «Ես գնացել եմ Լեռնային Ղարաբաղ մշակութային առաքելությամբ։ Լեռնային Ղարաբաղի մարդիկ չեն ցանկանում ոչ մի պատերազմ, նրանք ցանկանում են խաղաղություն, ցանկանում են երեխա ծնել, ցանկանում են, որ հնչի երաժշտությունը։ Դուք չեք կարող պատկերացնել՝ որքան սեր, ուրախություն ենք մենք այնտեղ ստացել։ Մարդիկ գոռում էին՝ շնորհակալություն երաժշտության համար»,- երգչուհու խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ գործակալությունը։

Կազարնովսկայայի խոսքով՝ երջանիկ է, որ սեւ ցուցակում հայտնվել է Մոնսերատ Կաբալիեի կողքին։ «Մարդկության ոգին քաղաքականությունից, ագրեսիայից դուրս է, երաժշտությունը աստվածային պատգամ է»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button