Հասարակություն

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության 3 պաշտոնյա

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ս.թ. հուլիսի 3-ին և 4-ին, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը, նույն ծառայության տեսուչներ` ոստիկանության կապիտան Արա Հարությունյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Հովիկ Գալոյանը, ինչպես նաև, որպես միջնորդ հանդես եկած, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Մատինյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը:

Օրենքով սահմանված կարգը խախտելու, քննություններին ձևական մասնակցությամբ վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու դիմաց` միջնորդ Արթուր Մատինյանը քաղաքացի Ա-ից պահանջել և ստացել է 120 000 ՀՀ դրամ կաշառք, որից 90 000 ՀՀ դրամը փոխանցել է Ս.Հարությունյանին: Վերջնս նշված գործընթացն իրականացրել է քննություններն ընդունող Ա.Հարությունյանի և Հ.Գալոյանի անմիջական մասնակցությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:  Կատարվում է նախաքննություն:

Ցուցադրել ավելի
Back to top button