Վերլուծական

Էլ.էներգիայի թանկացման դեմ պայքարի հետեւանքները

lianaeghiazaryan

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի ակցիան թեեւ ցրվել է, բայց արձագանքներն ու մեկնաբանությունները շարունակվում են, ընդ որում` որոշ դեպքերում արդեն նախաձեռնությանն այլ ընթացք տալու շեշտադրումներով: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր կարծիք է հայտնել, որ պայքարը` անգամ սոցիալական, ի վերջո, կարող է բերել հարցի քաղաքականացման, ու այդ դեպքում սա պետք է վերածել պայքարի՝ չորրորդ հանրապետության համար: Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ  Վահան Համազասպյանն էլ իր հերթին է խոսել պայքարի մասին, բայց այս անգամ` այլընտրանքային էներգետիկայի զարգացման համատեքստում։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հակված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հետագա պայքարին այլ հայացքով նայել, «այն վերածել պայքարի՝ չորրորդ հանրապետության համար»։

«Եթե պայքարողները հետևողական գնան, եթե պայքարը չշեղեն, վստահաբար, կհասնենք այդ հանրապետության ստեղծմանը: Բոլորը կհասկանան, որ մեզ պետություն է պետք՝ որպես գիտաարտադրական միավոր, մշակութային կենտրոն, ինչպես ձեւակերպեց Հռոմի պապն իր հայտնի խոսքում»,- ասում է քաղաքագետը։

Նա հուսով է, որ նոր սերունդը կունենա այդ նախանձախնդրությունը: Ուսանողությունը քաղաքականացված չէ, նկատում է, բայց հարկ եղած դեպքում քաղաքական գաղափարներ առաջ կգան: «Սոցիալականը կբերի քաղաքականացման, իսկ առանց քաղաքականացման սոցիալական հարց չի լուծվի»,- բացատրում է իր միտքը քաղաքագետը` միաժամանակ, սակայն, մտահոգություն հայտնելով, թե, նրա ձեւակերպմամբ, այդ «դախացած» կուսակցություններով նորից նույն բանն է ստացվելու»։

Այնուամենայնիվ՝ վերադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման թեմային` Լևոն Շիրինյանը փոխանցեց իր համոզմունքը` Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի` վերադարձնելու ՀԷՑ-ի 51 տոկոս բաժնետոմսերը, և դա պետք է դառնա օրինաչափություն: «Պետականացումը մեզ մոտ պետք է լինի գերակա ուղղություն՝ մասնավորի հետ հարաբերությունները ճշգրտելով»,- մանրամասնեց քաղաքագետը:

«Պետք է»-ների շարքը շարունակում է Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն ու շեշտում այլընտրանքային էներգետիկայի զարգացման կարիքը, ինչը, սակայն, տարիներ շարունակ ուշադրությունից դուրս է մնում:

Այնինչ հենց սա է մասնագետը համարում Հայաստանի էներգետիկ համակարգին սպառնացող ներկա ու հնարավոր խնդիրներից ելքը` վկայակոչելով Հայաստանի այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների մասին փաստող ամենատարբեր գնահատումներն ու հետազոտությունները:

Գործնականում, սակայն, Հայաստանն այդպես էլ այս հնարավորությունները չի կիրառում, իսկ իրենց ծրագրերին խոչընդոտում են հենց պետական պատկան մարմինները: Վահան Համազասպյանը նաեւ նշում է` տեսնելով, որ Հայաստանում հնարավոր չէ այս ծրագիրն իրականացնել, ինքն առաջարկում է դրանք կազմակերպել Սփյուռքում:

Ցուցադրել ավելի
Back to top button