Հասարակություն

Աղանդների դեմ պայքարը ոչ այնքան դժվար, որքան անշահավետ է. Ալ.Ամարյան

sonahakobyan
Վերջին շրջանում հաճախակի դարձած ինքնասպանությունների ու սպանությունների հիմքում քիչ չեն նաև կրոնական հողի վրա տեղի ունեցած դեպքերը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և  վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն ու հոգեթերապևտ, Նարեկաբույժ  Արմեն Ներսիսյանը: Անդրադառնալով կրոնական շեղումներին նրանք նշել են, որ հավատքի քողի ներքո այդ կազմակերպությունները բիզնեսներ են ծավալում, իսկ տեղեկատվության պակասի պատճառով քայքայիչ աղանդները մեծ տարածում են ստանում:

 

Սպանությունների և ինքնասպանությունների թիվն աճում է նաև կրոնական հողի վրա: Սակայն քանի որ չունենք համապատասխան փորձագետներ, հոգեւոր դաշտի մասնագետներ, կրոնական հողի վրա տեղի ունեցած ինքնասպանություններն ու սպանությունները հաճախ դատարան են գնում կենցաղային սպանություն պիտակավորմամբ, անդրադառնալով վերջին շրջանում խորհրդավոր սպանություններին ու ինքնասպանություններին նշեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և  վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Այն, որ աղանդն ունենում է քայքայիչ ազդեցություն մարդու հոգեկան առողջության վրա, փաստ է: Փաստ է նաև այն, որ դավանաբանության վրա հիմնված շեղումը դեղորայքով չի բուժվում, իր հերթին նկատեց հոգեթերապևտ, նարեկաբույժ  Արմեն Ներսիսյանը, ում պրակտիկայում եղել են դեպքեր, երբ բերել են անկառավարելի վիճակում գտնվող աղանդավորների: Արմեն Ներսիսյանը նրանց բուժել է «Նարեկ»-ի օգնությամբ:

Ալեքսանդր Ամարյանի դիտարկմամբ՝ աղանդների դեմ պայքարելը պետական որոշ օղակների  համար ոչ այնքան դժվար է, որքան անշահավետ: Աղանդավորները հեշտ կառավարելի են, իսկ  աղանդավորական կազմակերպությունները լուրջ բիզնես են անում, հսկայական գումարների տիրապետում: Ամարյանը չի բացառում, որ պետական համապատասխան մարմինների անտարբերության հիմքում տնտեսական շահն է:

Back to top button