Հասարակություն

Մեկ քայլ առաջ՝ դեպի Բաղրամյան 26. ոստիկանության պատասխանը

«Շարունակում ենք մեր խաղաղ պայքարը: Անցնում ենք վճռական փուլ: Դիմում ենք իշխանություններին Բաղրամյան պողոտան մենք չենք բացելու, քանի դեռ մեր պահանջները բավարարված չեն: Եվ դրա համար սպասում ենք մինչև երկուշաբթի ժամը 21:00-ն, և եթե մեր պահանջներից գոնե մեկը չկատարվի ուրեմն սկսում ենք մեկ քայլ առաջ բողոքի ակցիան: Եվ երկուշաբթի օրվանից քաղաքացիական շախմատի մեր այս կարևոր բարիկադները՝ աղբամանները, ամեն նոր օրվա 21:00-ին եթե չենք ստանում պատասխան մեկ քայլ առաջ տանում ենք դեպի Բաղրամյան պողոտա»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին հայտարարեց Էլ էներգիայի թանկացման դեմ պայքարող շարժման հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց պահանջները. չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը, պատժել հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին եւ վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Դավիթ Սանասարյանը տեղեկացրել էր «վճռական քայլերի անցնելու» շարժման որոշման մասին: Կոնկրետ մարտավարությունը ներկայացվելու էր ժամը 21:00-ին: «Ունենք բազմավեկտոր պլաններ, սկսելու ենք պլան Ա-ից», – ասել էր Սանասարյանը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել: «Կարևոր փուլ ենք սկսում այսօր։ Ասեմ, որ քայլերը խաղաղ են լինելու»,- նշել էր Դավիթ Սանասարյանը:

Ոստիկանությունը թույլ չի տալու մեկ քայլ առաջ բողոքի ակցիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՝  հավելելով.    «Կգա երկուշաբթին, առանձնահատուկ կմոտենանք»:

Վ.Օսիպյանը նշել է, որ մեկ քայլի մեջ չկա տրամաբանություն. «Ի՞նչ է տալու մեկ քայլը: Արհեստականորեն  ստեղծում է այնպիսի իրավիճակ, որպեսզի  ոստիկանության հետ բախում  ստեղծեն և հանրությանը ցույց տան՝  բախում կա, եկեք Բաղրամյան»:

Ցուցադրել ավելի
Back to top button