Տնտեսական

Ինչու է Երվանդ Զախարյանը խոչընդոտում արեւային էներգետիկայի զարգացմանը. Համազասպյան

lianaeghiazaryan
Որն է Հայաստանի էներգետիկ համակարգին սպառնացող ներկա ու հնարավոր խնդիրներից ելքը: Այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, հայտարարում են մասնագետներն ու վկայակոչում Հայաստանի այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների մասին փաստող ամենատարբեր գնահատումներ ու հետազոտություններ: Գործնականում, սակայն, Հայաստանը, այդպես էլ այս հնարավորությունները չի կիրառում, հայտարարում է Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն ու շեշտում` իրենց ծրագրերին խոչընդոտում են հենց պետական պատկան մարմինները: Վահան Համազասպյանը նաեւ նշում է` տեսնելով, որ Հայաստանում հնարավոր չէ այս ծրագիրն իրականացնել, ինքն առաջարկում է դրանք կազմակերպել Սփյուռքում:

 

Հանրապետությունում էլեկտրաէներգիայի թանկացման ներկա խնդիրը եւ առաջիկա բոլոր ռիսկերը նորովի են թեւ տալիս Հայաստանում այլընտրանքային էներգիայի ստացման թեմային եւ չիրացված ներուժի խնդրին: Վերականգնվող էներգիայի աղբյուրներից հատկապես կարևորվում են  արևային, հողմային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի ռեսուրսները: Այս ուղղությունները զարգացած երկրները կիրառում են` ապահովելու էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այս թեմային վրդովված է արձագանքում: Ասում է` Հայաստանի արեւային էներգիայի արտադրության ծրագրերին ծանոթանալիս զարգացած երկրներն արձագանքում են` իսկ ում եք սպասում, որ չեք իրականացնում: Արեւային տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրաէներգիայի ստացումը նշանակում է տարեկան 400-500 մլն դոլարի անվճար էլեկտրաէներգիա, անցնցում սակագին, 3-5 անգամ էժան հոսանք, ատոմակայանի արտադրածից` 5 անգամ մատչելի,  նոր տեխնոլոգիաներ, մանրամասնում է Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակը, ապա հատուկ հայտարարությամբ դիմում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին:

«Ես ուզում եմ խնդրել պարոն Զախարյանին, որ դադարեցնեն պայքարը մեր հելիոֆիկացիայի ծրագրի դեմ:  Ես ձեր ստացած գումարների կարիքը չունեմ: Տեսնելով, որ Հայաստանում հնարավոր չէ այս ծրագիրն իրականացնել, ես այսօր առաջարկում եմ հայկական արդյունաբերությունը կազմակերպել Սփյուռքում»:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գնահատմամբ` արեգակնային կայաններով հնարավոր է ապահովել 1000 ՄՎտ-ը գերազանցող էներգետիկ հզորություններ, հողմակայանների միջոցով տեխնիկապես հնարավոր է 300-500 ՄՎտ հզորությունների ստեղծում, երկրաջերմային էներգիայի կայանները կարող են ապահովել 25-75 ՄՎտ հզորություն, իսկ արևային կոլեկտորային կայանների միջոցով հնարավոր է ապահովել 1000 ՄՎտ-ը գերազանցող հզորություններ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կիսում է այս գնահատականները: Սրանք` հետազոտությունների արդյունքներով: Գործնականում, սակայն, Հայաստանը, այսպես էլ այս հնարավորությունները չի կիրառում: Գյուտեր, նորարարություններ հատկապես արեւային էներգիայի ստացման մասով շատ են: Դրանք, սակայն, կամ մնում են թղթի վրա, կամ վաճառվում արտասահմանյան երկրներին ու հաջողությամբ կիրառվում դրսում: Հայաստանի ներսում մի քանի մասնավոր, փոքր ծրագրեր կան միայն, շատ դեպքերում փորձնական: Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը ներկայիս տնտեսական ծանր վիճակի պատճառը համարում է հենց անփութությունը էներգետիկ ոլորտում: Միակ ելքը գիտական տեխնոլոգիական լուծումներն են, դրանց առաջին հորիզոնականում` հելիոֆիկացիան, վստահեցնում է մասնագետը: Բայց այստեղ սկիզբ են առնում տարաձայնություններ ու տարակարծություններ:

«Ես շատ երկար ժամանակ դժվարանում եմ մեր հատկապես էներգետիկայի նախարարին բացատրել, որ մեր ծրագիրը էներգետիկ ոլորտը հարստացնելու համ հարստահարելու համար չէ: Հելիոֆիկացիան էներգետիկա չէ: Սա առաջին հերթին ենթադրում է նոր տիպի տեխնոլոգիաների արտադրության կազմակերպում Հայաստանում եւ համաշխարհային պրոբլեմ դարձած էներգետիկ խնդիրների լուծումը աշխարհի մակարդակով»:

Հոսանքի թանկացման ճգնաժամի վերացման այս տարբերակը, սակայն, Հայաստանում շարունակում է չարժանանալ դրա հեղինակների ակնկալած ուշադրությանը: Ուստի Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակը հայտարարում է` որոշել է` այս ծրագրերն էլ կփորձի իրականացնել Սփյուռքում, միայն թե դրանք  արդեն կրկին Հայաստանի տնտեսությանը նպաստ չեն բերի:

Ցուցադրել ավելի
Back to top button