Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Շուշի» պարախմբի անդամներին

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Նյու Ջերսիի (ԱՄՆ) «Շուշի» պարախմբի անդամներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Հրաչ և Սյուզան Թուֆայանների:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց պարախմբին և նրա աջակիցներին` մեծապես կարևորելով նշանավոր խմբի կողմից իրականացվող կրթա-դաստիարակչական առաքելությունը: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց այն, որ պարախումբն իր համերգային շրջագայության ընթացքում ծրագրել է կատարումներով հանդես գալ նաև Հայրենիքում:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ԱՄՆ Հայոց Արելյան թեմի առաջնորդ Տ. խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խնդրանքին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհեց «Շուշիի» պարուսույց տիկին Սեդա Պասկալյան-Գանդարջյանին` ի գնահատություն նրա բազմամյա նվիրյալ ծառայության:

Վերջում Նորին Սրբությունն աղոթքով օրհնեց ներկաներին: Ապա հաջողություններ մաղթելով «Շուշիի» գործունեությանը` հորդորեց պարախմբի բարեկամներին մշտապես զորակցել ազգօգուտ այս նախաձեռնությանը, որպեսզի մատաղ սերնդին տևապես փոխանցվեն ազգային պարերն ու ավանդույթները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button