Քաղաքական

Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ֆրանսիա

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին  աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: Փարիզում վարչապետ Աբրահամյանը հանդիպում  է ունեցել  Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևոր համարել փոխգործակցության հետագա զարգացումը և խորացումը տարբեր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. մայրաքաղաք Երևանը և Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ: Վարչապետը,  կարևոր համարելով  երկու մայրաքաղաքների միջև օրեցօր ամրապնդվող   համագործակցությունը, բարձր է գնահատել տիկին Իդալգոյի  ներդրումը Երևանի և Փարիզի  միջև կապերի սերտացման գործում: Վարչապետը նշել է, որ Երևան-Փարիզ համագործակցության շրջանակում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը ՀՀ կառավա­րության ուշադրության կենտրոնում են և  պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի հետ միասին այսուհետ ևս սատարել համատեղ ծրագրերի  անխափան իրականացմանը:

Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ Փարիզի քաղաքապետը նույնպես բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունները և կարևորել փոխգործակցության զարգացումը տարբեր բնագավառներում: Նրա խոսքով՝  երկու մայրաքաղաքները տնտեսական  համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Անն Իդալգոն կարևոր է համարել փոխգործակցության խորացումը գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Նա առանձնացրել է ֆրանսահայ համայնքի դերը և ներդրումը Ֆրանսիայի և, մասնավորապես, Փարիզի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է  Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես:

Ցուցադրել ավելի
Back to top button