Քաղաքական

Հայ պատվիրակներին Մինսկում հիմնականում հարցրել են Բաղրամյանի ցույցի մասին

lusinevasilyan

Բելառուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները օրերս Մինսկ այցելած հայ պատգամավորներից հետաքրքվել են Հայաստանում կատարվող իրադարձությունների , մասնավորապես Բաղրամյան պողոտայի բողոքի ակցիայի մասին. այսօր լրագրողներին պատմել են հայ-բելառուսական  միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ հայ պատգամավորները: Նրանք երեկ են վերադարձել Մինսկից, որտեղ անցկացվել է հայ- բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

Հայ- բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ հայ պատգամավորներից Մինսկում  հետաքրքվել են ոչ այնքան հայ-բելառուսական հարաբերությունների, որքան երևանյան զարգացումների մասին: Թե պատգամավորներին, թե լրատվամիջոցներին հատկապես հետաքրքել են մեր օրեսդիրների պարզաբանումները Բաղրամյան պողոտայի բողոքի ակցիայի վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բոլոր հարցադրումներին պատասխանելիս  շեշտել են, որ խնդիրը սոցիալական է, որևէ կուսակցություն չի ղեկավարում այս շարժումը և Մայդանի հետ համեմատությունները անհիմն են:

Հանձնաժողովի անդամներից Արծվիկ Մինասյանն էլ  բելառուսական բազմաթիվ  ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալուց բացի նաև գործնական խորհուրդներ է ստացել։ Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն հանդիպման ժամանակ հայկական պատվիրակությանն է փոխանցել Բելառուսում էլեկտրաէներգիայի սակագնի կարգավորման փորձառության մասին բազմաթիվ նյութեր՝ հուսալով, որ դրանք կօգնեն Հայաստանում էներգետիկ համակարգի առողջացմանն ուղղված քայլերը ձեռնարկելիս:

Իսկ ընդհանրապես հայ պատգամավորները  եռօրյա այցով Մինսկում էին ՝ հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձանժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այցելությունից ընդհանուր առմամբ գոհ են, ասում են արդյունավետ քննարկումներ են ունեցել : Արձանագրում են, որ հատկապես հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման տեղ ունեն, քանի որ զիջում են քաղաքականին:

Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները բարելավելու ներուժ ունի , օրինակ, Տաճատ Վարդապետյանի առաջարկը, որը քննարկվել է Մինսկում Բելառուս պաշտոնյաների հետ :  Խոսքը Գյումրիում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համատեղ ձեռնարկություն հիմնելու մասին է: Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ առաջարկի քննարկումը գործնական փուլ է տեղափոխվել:

Իսկ ընդհանրապես , Բելառուսի տնտեսական զարգացման մոդելը Արծվիկ Մինասյանը խիստ հաջողված և ուսանելի է համարում: Կարծում է, որ հետխորհդային տարածքում ամենաբարեկեցիկ  և դինամիկ տնտեսական զարգացում ապահովող երկիրը Բելառուսն է:

Ցուցադրել ավելի
Back to top button