Հասարակություն

Եվրոպական խաղերից հետո Բաքուն ուժեղացրել է ճնշումները լրագրողների նկատմամբ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստացած է Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ, ասված է կազմակերպության հայտարարությունում:

Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին թույլ չեն տվել Բեռլինում գործող Meydan TV առցանց հեռուստատեսության չորս լրագրողի անցնել Վրաստանի սահմանը՝ ասելով, որ նրանց արգելվում է դուրս գալ երկրից: Սահմանին տեղի ունեցած միջադեպը հաջորդել էր չորս օր առաջ լրատվամիջոցի ղեկավար Էմին Միլլի՝ Բեռլինից արած հայտարարությանը, որ նա սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի նախարարներից մեկից:  «Մենք մտավախություն ունենք, որ այս աճող հետապնդումներին կհաջորդի Meydan TV-ի անձնակազմի դեմ նոր բռնաճնշումների ալիքը»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ղեկավար Յոհան Բիրը:

«Մարդու իրավունքների զանգվածային խախտումները թաքցնելու նախագծի անհաջողությունից զայրացած՝ իշխանությունները, ըստ երևույթին, ցանկանում են քավության նոխազ դարձնել Meydan TV-ն: Միջազգային հանրությունը չպետք է Ադրբեջանն ուշադրությունից դուրս թողնի: Հակառակը՝ միջազգային հանրությունը պետք է պարզ ցույց տա նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին, որ շարունակում է ուշադիր հետևել զարգացումներին»,- ասված է հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button