Հասարակություն

«Աքիլլես». Վարորդների համար նախատեսված նորամուծությունները սոցիալական լարվածություն կառաջացնեն

lenabadeyan
Ավտովարորդների համար առաջիկայում նախատեսված է մի քանի նորամուծություն, որոնց մասին, սակայն, ավտովարորդները պատշաճ չեն ծանուցվում: Այն նպատակով այսօր լրագրողների հետ հանդիպել են «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավարն ու իրավաբանը՝ անհրաժեշտ տեղեկությունները փոխանցելու նպատակով: Նրանց ներկայացմամբ՝ խնդիրներից մեկն առաջացնելու է նոր սոցիալական լարվածություն եւ որպես հետեւանք՝ նոր բողոքներ:

 

 

Ավտովարորդների համար կա մի քանի լուր, որոցից մի մասը լավն է, մյուսը՝ ոչ այնքան: Առաջին լավ լուրը վերաբերում է նախկինում վաճառված մեքենաներին, որոնց նախկին տերերը դեռ ստանում են գույքահարկի մեծ տուգանքներ: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի իրավաբան Արմինե Մկրտչյանի փոխանցմամբ՝ մեկ այլ նորություն էլ ավտովարորդների համար համարվում է «azdarar.am» կայքի գործարկումը: Այուհետ ավտովարորդները երեք օր պարբերականությամբ պետք է այդ կայքի միջոցով ստուգեն, թե արդյո՞ք որեւէ վարչական որոշում ունեն, թե ոչ: Նախկինում վարորդը ծանուցված էր համարվում, եթե փոստատարը փոխանցում էր համապատասխան նամակը, իսկ այսօր, եթե փոստատարին չի հաջողվում փոխանցել նշված նամակը, ապա այն տեղադրվում է «azdarar.am» կայքում եւ դրանով վարորդը՝ 3 օր անց համարվում է ծանուցված:

Տուգանքների եւ տույժերի առումով մյուս նորությունն այն է, որ հուլիսի 9-ին լրանում է այս տարվա հունվարի 9-ից հայտարարված համաներման ժամկետը: Հիշեցնենք, որ հայտարարված 6 ամսվա համաներումով ինչ որ չափով լուծվում էր ավտովարորդների եւ ԴԱՀԿ-ի միջեւ առաջացած խնդիրը: Տուգանքի վրա ավելացած մինչեւ հնգապատիկ տույժերի եւ ԴԱՀԿ ծառայությունների մասով շուրջ 2 միլիարդ դրամի կարգի գումար ավտովարորդները չէին վճարելու:

Այս խնդիրներն առաջացել էին, երբ օրենքով սահմանվել էր շեմ՝ մինչեւ 200 հազար դրամ: ԴԱՀԿ-ն կարող էր առանց դատարանի որոշման կալանք դնել անձի գույքի եւ բանկային հաշիվների վրա անգամ 5000 դրամ տուգանքի դեպքում, եթե քաղաքացին սահմանված ժամկետում չէր վճարում տուգանքը: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի տվյալներով խախտումների շուրջ 98 տոկոսը հենց այդ սահմանված շեմի շրջանակներում էր:

Սա այն երեք նորությունն էր, որ անհրաժեշտ է առաջիկայում իմանալ ավտովարորդներին: Իսկ վերջում ոչ թե որպես նորություն, այլ պարզապես որպես ինֆորմացիա: «Աքիլլեսի» ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը պնդում է, ոստիկանության տեսուչները սխալ են օգտագործում «Իսկրա 1» արագաչափերը:

 

Այսպիսի անտարբերություն Ճանապարհային ոստիկանությունում կա բոլոր խնդիրների վերաբերյալ, ասում է Էդուարդ Հովհաննիսյանը՝  թե այն դեպքում, երբ արդեն կան դատական վճիռներ կոնկրետ խնդիրների վերաբերյալ, թե նոր հայտնաբերված խնդրահարույց հարցերի լուծման առնչությամբ:

Back to top button