Մշակույթ

Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը կմասնակցի Եվրառադիո-2015 փառատոնին

alisagevorgyan
Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը կմասնակցի հուլիսի 8-11-ը  Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրառադիո 2015 ազգային երգի փառատոնին: Փառատոնի կազմակերպիչներն են Եվրոպական հեռարձակողների միությունը և Լեհաստանի  ռադիոն: Փառատոնի շրջանակներում Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը և Ռուբեն Մաթևոսյանը հանդես կգան հուլիսի 9-ին  Կրակովի Սուրբ Կատերինա եկեղեցում:

 

 

Եվրառադիո ազգային երգի փառատոնն անցկացվում է 1980 թվականից ՝ Եվրոպական որևէ քաղաքում: Եվրառադիո 2015 թվով 36-րդ փառատոնը տեղի կունենա Լեհաստանի Կրակով քաղաքում՝ հուլիսի 8-11-ը: Փառատոնին առաջին անգամ այս տարի կմասնակցի նաև Հայաստանն՝ ի դեմս Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի:

Փառատոնի շրջանակներում Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը և ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը հանդես կգան հուլիսի 9-ին  Կրակովի Սուրբ Կատերինա եկեղեցում: Ռուբեն Մաթևոսյանը  երջանիկ է, որ ներկայացնում է մասնավորապես Հայաստանի հանրային ռադիոն, որտեղ աշխատում է 1961 թվականից և, ինչպես ասում  է, իր աշխատանքային գրքույկում երբեք  այլ աշխատանքի վայր չի նշվել:

«Մենք ներկայանալու ենք փոքր՝ վեց հոգանոց խմբով, բայց պատրաստել ենք հրաշալի ծրագիր, որը կգնահատեն ոչ միայն տեղի մեր հայրենակիցները, այլև նրանք, ովքեր սիրում և գնահատում են ազգային արվեստը, որը բոլոր արվեստների հիմքն է»:

18-րդ դարից մենչև մեր օրերը. Հայկական ծրագրում կընդգրկվեն ազգային երգարվեստի լավագույն նմուշները. Կոմիտաս, Սայաթ Նովա, Շերամ, անպայման կլինեն նրանց ստեղծագործությունները: Ռուբեն Մաթևոսյանի վստահեցմամբ խումբը տրամադրված է մարտական և կասկածի նշույլ անգամ չկա, որ հանդես կգան արժանավայել կերպով և կրակովյան հանդիսատեսի սիրտը կգրավեն հայկական ազգային երգով ու երաժշտությամբ:

Ինչպես կազմակերպիչներն են նշել Եվրոպական հեռարձակողների միության կայքում փառատոնի շրջանակներում հայկական համերգը պետք է լինի ամենազգացմունքային համերգներից մեկը: Նշենք, որ Հայաստանի հանրային ռադիոն կհեռարձակի համերգի աուդիո տարբերակը, իսկ տեսաձայնագրության հեռարձակման իրավունքը պատկանում է Լեհաստանի ռադիոյին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button