Հասարակություն

Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է

karenghazaryan
Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվում է արտակարգ հրդեհավտանգ իրավիճակ՝ պայմանավորված ներթափանցված ջերմային ալիքի ազդեցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Նրա փոխանցմամբ՝ արդեն մի քանի օր է Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում եւ դրա հրդեհավտանգավոր իրադրությունը հաշվի առնելով փրկարար ծառայությունը բերվել է բարձր պատրաստականության վիճակի՝ հնարավոր դեպքերին արագ արձագանքելու նպատակով:

 

Ջերմային ալիքի ներթափանցումը Հայաստանի տարածք մեծացնում է հրդեհների հավանականությունը: Վերլուծությունները ցույց են տվել, որ նման իրավիճակ Հայաստանում լինում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին: ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ասաց, որ ծառայությունը բերվել է բարձր պատրաստականության մակարդակի՝ հնարավոր դեպքերին արագ եւ արդյունավետ արձագանքելու համար: Նրա փոխանցմամբ՝ դեպքերի թիվն աճել է մոտ 40 տոկոսով:

«Սա լուրջ վտանգ է, հուշում է, որ հանրապետության տարածքում մեծացել է բարձր ջերմային ֆոնով եւ սակավ տեղումներով ամառների կրկնելիությունը: 98-ից մինչեւ 2009 թվականը անտառային հրդեհների քանակը կազմում է 155: 2010-12 թթ անտառային հրդեհների թիվը 169 է: 11 տարվա եւ 3 տարվա դեպքերի տարբերությունը բավականին մեծ է»:

Վրեժ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ բավականին մեծացել է նաեւ հրդեհների հետեւանքով վնասված տարածքների չափը՝ 3 տարում 1558 հա: Վերջին հինգ տարիներին գրանցվել է 224 դեպք եւ սա այն պարագայում, երբ դրան նախորդող 11 տարիներին գրանցվել է հրդեհի 155 դեպք: Վերջին տարիներին դեպքերի տարեկան միջին թիվը աճել է 5 անգամ, ինչը լրջորեն անհանգստացնող է: Ելնելով դրանից՝ նախարարությունը հաստատել է առաջիկա 5 տարիների միջոցառումների ծրագիրը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանի խոսքով՝ խոտհարկերն այրելու հետեւանքով են հիմնականում հրդեհները տարածվում: Նա հորդորում է խոտքաղից հետո չայրել տարածքները: Ռուբեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ համայնքներում անցկացնում են իրազեկման աշխատանքներ եւ ձեւավորվում են արագ արձագանքման խմբեր:

« Ինչքան արագ հասնենք նրան, որ ամեն անտառտնտեսություն ունենա արագ արձագանքման խումբ, այնքան շուտ կհասնենք այն բանին, որ խոշոր հրդեհներ չենք ունենա»:

Ռուբեն Պետրոսյանի խոսքով՝ անտառային հրդեհներից կորուստների մի մասը վերականգնվում է բնականորեն, մյուս մասը վերականգնվում է անտառտնկմամբ՝ համապատասխան ֆինանսավորում լինելու դեպքում,  սակայն, ըստ նրա, արդյունքում վատանում է անտառների որակը:

Թե՛ Վրեժ Գաբրիելյանը, թե՛ Ռուբեն Պետրոսյանը շեշտեցին, որ անտառային եւ այլ բուսածածկ տարածքների հրդեհների պատճառները հիմնականում մարդածին են՝ հորդորելով լինել առավել զգույժ եւ զգոն:

Ցուցադրել ավելի
Back to top button